Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիտեք Ա1+-ի ուղիղ եթերում

Հասարակություն
e63fd0027784dd41912824a954dc4ab0

Հոկտեմբերի 2-ին ժամը 10.00-ին Էլիտ պլազա բիզնես կենտրոնում (Խորենացու 15) տեղի կունենա «Կրթություն. գործընթաց, թե վերջնանպատակ» համաժողովի բացման արարողությունը: Համաժողովի բացմանը հանդես կգան ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը, Բրիտանական խորհրդի տարածաշրջանային տնօրեն Մայքլ Բըրդը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:


Հարյուրից ավելի անգլերեն լեզվի մասնագետներ, կրթական հաստատությունների ղեկավարներ, դասախոսներ և ուսուցիչներ հոկտեմբերի երկուսին և երեքին Բրիտանական խորհրդի «Կրթություն. գործընթաց, թե վերջնանպատակ» համաժողովի ընթացքում կքննարկեն դասավանդման բնագավառում տեղի ունեցող փոփոխությունները և նոր մեթոդների ներգրավումն իրենց աշխատանքում:

Դասավանդման բնագավառում տեղի ունեցող առանցքային փոփոխությունները և ժամանակին համահունչ հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերելու ուղղությունները ներկայացնելու նպատակով համաժողովին հրավիրված են բրիտանացի և հայ լավագույն մասնագետները, ովքեր իրենց փորձը կներկայացնեն առցանց դասավանդման, կրթական տեխնոլոգիաների և լսարանի կառավարման ոլորտում:

Համաժողովի հատուկ հյուրն է Կրթական տեխնոլոգիաների փորձագետ Ռասել Սթենըրդը, ով դասավանդել է Վեստմինստերի համալսարանում, արժանացել մի շարք մրցանակների և այժմ սեփական սյունակն է վարում մասնագիտական մի շարք հեղինակավոր պարբերականներում: Նա հայ ուսուցիչների համար կանցկացնի աշխատաժողով և կներկայացնի կրթական տեխնոլոգիաների կիրառման ոլորտի վերջին նորարարությունները:

Համաժողովի ընթացքում կներկայացվեն ուսուցիչների կատարելագործմանն ուղղված Բրիտանական խորհրդի դասընթացները, դասավանդման համար նախատեսված նյութերը և անգլերենի իմացության ստուգման միջազգային քննությունները: Ուսուցիչների ուշադրությանը կներկայացվեն անգլերենի ուսուցման համար նախատեսված կայքերը: TeachingEnglish (http://www.teachingenglish.org.uk/), LearEnglish (http://learnenglish.britishcouncil.org/en/), LearnEnglish Teens (http://learnenglishteens.britishcouncil.org/) և LearnEnglish Kids (http://learnenglishkids.britishcouncil.org/en/) կայքերը նախատեսված են ինչպես ուսուցիչների, այնպես էլ տարբեր տարիքային խմբերում ընդգրկված անգլերենն ուսումնասիրողների համար: