Ի՞նչ է անում ԵՄ-ն Հայաստանում
Աջակցիր «Ա1+»-ինԵՄ կենտրոնում այսօր տեղի ունեցավ ԵՄ ավտոբուսի երկրորդ շրջայցի վիճակախաղի պաշտոնական մրցանակների վիճակահանությունը: Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը հանեց հաջողակ հաղթողների անունները:
Վիճակախաղի մասնակիցները Եվրոպական միության ու անդամ երկրների մասին հարցաշար էին լրացրել: Գեղարքունիքի և Արարատի մարզեր ԵՄ ավտոբուսի երկրորդ շրջայցի ընթացքում 629 մարդ մասնակցել է վիճակախաղին: 101 մարդ ճիշտ էր պատասխանել բոլոր ութ հարցերին, մեկ սխալ և յոթ ճիշտ պատասխաններ էին տվել 72-ը:
Գլխավոր մրցանակ ստացավ Արամ Գևորգյանը, որը ներկա դրությամբ գործազուրկ է, երկրորդ մրցանակը ստացավ Գեղեցիկ Շաբոյանը, երրորդ մրցանակին արժանացավ թոշակառու Սոֆիկ Մուսոյանը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալի խոսքերով, Եվրոպական միությունը ցանկանում է հնարավորինս շատ մարդկանց հասանելի լինել: «Մարզեր-ԵՄ ավտոբուսի շրջայցերը հենց այդ նպատակին են ծառայում»,- ասաց Դիրկ Լորենցը: Նա ավելացրեց. «Մենք փորձում ենք հետաքրքրական և գրավիչ ուղիներ գտնել մարդկանց տեղեկացնելու, թե ինչ է անում ԵՄ-ն Հայաստանում, և այդ ուղիներից մեկն էլ վիճակախաղն է»:
Գլխավոր մրցանակը Եվրոպական միության և ԵՄ կենտրոնի լոգոներով շապիկ է, երկրորդ մրցանակը՝ Եվրոպական միության և ԵՄ կենտրոնի լոգոներով անձրևանոց է, երրորդ մրցանակը Եվրոպական միության և ԵՄ կենտրոնի լոգոներով բաժակ` յուրաքանչյուրն իր պայուսակով:
ԵՄ Կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է, որի նպատակը Հայաստանում ԵՄ զարգացման համագործակցության մասին իրազեկվածության բարձրացումն է և աջակցությունը Եվրոպական միության մասին կրթությանը: Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության դարպաս է։ Ծրագրի տևողությունը երկու տարի է։