Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հարսնաքարի» գործով դատը հետաձգվեց

Հասարակություն
fd5fa8994df38cf3a39ba8efd66e6af3

«Հարսնաքարի» գործով դատավարությունն այսօր ավարտվեց դեռ չսկսված։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը չէր ներկայացել դատական նիստին։ Նա Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին գրավոր տեղեկացրել էր, որ իր ազգականներից մեկն է մահացել, ուստի չի կարող ներկայանալ նիստին: Դատավորը դատական նիստը հետաձգեց եւ նշանակեց հոկտեմբերի 8-ին:

Տիգրան Եգորյանն այսօր պետք է հանդես գար համապատասխան ճառով; Նախորդ նիստի ժամանակ մեղադրող Արթուր Դավթյանը միջնորդել էր բոլոր ամբաստանյալներին դատապարտել 13 տարվա ազատազրկման եւ հաշվի չառնել մեղմացուցիչ հանգամանքները։

Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, սակայն, դատախազի պահանջած պատժաչափը շատ խիստ է գնահատում։
«Այն ապացույցները, որոնք վկայակոչեց մեղադրողը, բացարձակապես չեն հիմնավորում կոնկրետ մարդկանց մեղքը մեղսագրված արարքներում, դրանք ընդամենը տուժողների ցուցմունքներն են, որոնք եւս չեն հիմնավորում այդ հանցանքներում նրանց մեղքը»,- այսօր «Ա1+»-ին հայտնեց Երեմ Սարգսյանը։

Նրա խոսքերով՝ պետք է լինի նախ պատժի անհատականություն` ըստ մեղքի պատասխանատվության եւ նկատի ունենան յուրաքանչյուրի կատարած արարքում մեղքն ու վտանգավորության աստիճանը՝ հաշվի առնել մեղմացնող եւ անձը բնութագրող փաստերը։

Գործով անցնում է վեց ամբաստանյալ, որոնք աշխատել են «Հարսնաքար» ռեստորանային համալիրում։ Նրանք մեղադրվում են 2012 թ հունիսի 17-ին համալիրում դիտավորյալ առողջությանը մարմնական վնասվածքներ հասցնելու համար, որն առաջացրել է տուժողներից մեկի՝ Վահե Ավետյանի մահը։