Գնդապետը կարող է համաներվել
«Մարտական»,- այսպես է բնութագրում պահեստազորի գնդապետ, օրերս կալանավորված Վոլոդյա Ավետիսյանի տրամադրությունը նրա պաշտպան Արա Զաքարյանը։
Ինչպես «Ա1+»-ին փոխանցեց պաշտպանը, նա երեկ է տեսակցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող իր պաշտպանյալին։
Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. Օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով՝ խարդախություն խոշոր չափերով։
Ըստ ՊՆ քննչական ծառայության՝ Վոլոդյա Ավետիսյանը խաբեության եւ վստահությունը չարաշահելու նպատակով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար։
Փաստաբանը բողոքարկել է Վոլոդյա Ավետիսյանին կալանքի տակ պահելու որոշումը եւ սպասում է Վերաքննիչ դատարանից ծանուցմանը։ Նրա խոսքերով՝ դատարանը ոչ մի ծանրակշիռ փաստարկ չի բերել, թե ազատության մեջ գտնվելով՝ նա ինչպես կարող է ազդել գործի ընթացքի վրա։
Անդրադառնալով անկախության 22-րդ տարեդարձի առիթով Սերժ Սարգսյանի ներկայացրած համաներման առաջարկին՝ պարոն Զաքարյանը նշեց, որ եթե համաներման տեքստը նույնաբովանդակ եղավ, ինչպես նախորդ անգամ, ուրեմն կազդի։