Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարեցները չունեն արժանապատիվ ծերություն

Հասարակություն
bc77df3afa97f9d3095caee1593b94a1

Համաձայն ՄԱԿ-ի կանխատեսման՝ 2050 թ.-ին Հայաստանի բնակչության գրեթե մեկ երրորդը կլինի 60-ն անց։ Թեև 2050 թվականի դեռ շատ կա, բայց հայկական բարեգործական ճաշարաններում տարեցների պակաս չի զգացվում։


200 տարեց՝ բարձրակարգ շինարար, ինժեներ, բժշկուհի, կենսաբանական գիտությունների թեկնածու, ռազմածովային գնդապետ, ճարտարապետ, սնվում են բարեգործական ճաշարանում, իսկ նրանց օրվա հացի խնդիրը որոշել է լուծել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։

Ժամանակի փայլուն մասնագետներն այսօր կարոտախտով են հիշում իրենց անցյալը՝ ամեն օր նույն սեղանի շուրջ ճաշելու ընթացքում։

Կենսաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Ստեփանյանը կյանքի մեծ մասը նվիրել է գիտական աշխատանքներին, արդյունքում կորցրել է տեսողությունը։ Իր հարազատների մասին խոսել չի ցանկանում։ Փոխարենը սիրով պատմեց, թե ինչպես է ճաշարանում հանդիպել այն կնոջը, որն այսօր իր կյանքի երկրորդ կեսն է դարձել։
Կուրության պատճառով գրիչը մոռացած կենսաբանն սկսել է երգել։ Եվ ամեն անգամ իր երգով ծաղկացնում է ճաշի սեղանը։
Մասնագիտությամբ նախկին ճարտարապետ Բաբկեն Մխիթարյանը ճաշարան է գալիս նաև ընկերների հետ շախմատ խաղալու համար։ 90-ամյա ճարտարապետը 2 տարի առաջ նախագիծ է ներկայացրել Սերժ Սարգսյանին՝ շախմատի տունը ձևափոխել և դարձնել 20 հարկանի։ Ստացել է հիասթափեցնող պատասխան ։

Այսօր տարեցների միջազգային օրն է, սակայն նրանք չունեն արժանապատիվ ծերություն, որը նրանց հիմնարար իրավունքներից է՝ ամրագրված երկրի մայր օրենքում՝ Սահմանադրությունում։

Ճաշարանի աշխատակիցները հնարավորինս ուշադիր են յուրաքանչյուր տարեցի նկատմամբ և իրենց հոգատար վերաբերմունքը փորձում են փոխանցել նաև նրանց մատուցվող կերակուրով։ Բարեգործական ճաշարանի ավագ խոհարար Գայանե Ստեփանյանն ասում է. «Ճաշն առանց սիրո չի ստացվի, պետք դնես չէ՞ սերը, որ համով լինի»։