Ինչու են փակցվել հին Երեւանի լուսանկարները
Մետրոյի կայարաններում փակցված հին Երեւանը պատկերող լուսանկարները, ըստ ճարտարապետի, ցինիզմի ու մանկամտության դրսևորում են։
Երևանի մետրոյի կայարանների սյուներին վերջերս փակցվել են հին Երևանը պատկերող տարբեր լուսանկարներ: Ճարտարապետ Արսեն Կարապետյանը «Ա1+»-ի հետ զրույցում սա համարեց վիրավորական. «Մենք ասում ենք քաղաքապետարանն է մեղավոր, իսկ իրենք որպես ծաղր Ծածկած շուկայի նկարն են փակցնում»: Ճարտարապետն անտարբերության և վատ վերաբերմունքի պատճառով կորցրած ճարտարապետական հին նմուշների կորստից հետո ոչ մի կերպ չի հասկանում դրանց լուսանկարները փակցնելու տրամաբանությունը. «Որ ի՞նչ, սա ցինիզմի և մանկամտության դրսևորում է»:
Արսեն Կարապետյանին ոչինչ չի մնում, քան հավատալ , որ փակցված նկարները մեր քաղաքացիներին կստիպեն մտածել օրեցօր դեպի ավելի վատը փոխվող Երևանի մասին.«Թող մարդիկ տեսնեն՝ ինչ ենք կորցնում ամեն օր, չգիտեմ՝ դա կփոխի՞ մարդկանց գիտակցությունը թե ոչ , բայց փաստ է,որ քաղաքապետարանի գիտակցությունը փոխելու համար արդեն ուշ է»: