51 աշակերտ սովորում է փայտե տնակում
Արմավիրի մարզի Արևադաշտ համայնքի երեխանները սովորում են փայտե տնակում։ Գյուղը հիմնադրումից մինչ այսօր դպրոցի շենք չի ունեցել, իսկ անդրկովկասյան երկրների համար իբրեւ զինվորական ուսումնարան ծառայող փայտե տնակը վերափոխվել և դպրոցին է ծառայել 1981 թվականից։
Զինվորական ծառայության տեղամաս հիշեցնող միահարկ կառույցում սովորում է 51 աշակերտ։ Դպրոցի տնօրեն Շողակաթ Խաչատրյանի խոսքերով՝ «Երկու տարի առաջ բարերարները խոստացան դպրոցի շենք կառուցել, բայց անհասկանալի պատճառներով շինաշխատանքներն այդպես էլ չսկսեցին»,- «Ա1+»-ի հեզ զրույցում նշեց դպրոցի տնօրենը։
«Ձմռանը չենք կարողանում պարապմունքներ անցկացնել, նավթե վառարաններով ենք դպրոցը ջեռուցում, մի փոքր քամի է լինում՝ ծուխ է լինում դասասենյակներում, մի փոքր էլ որ նավթ կաթեց, փայտյա կառույց է՝ հրդեհ կլինի», - մտահոգվում է Արևադաշտ գյուղի դպրոցի տնօրենը։
Դպրոցի ուսուցչուհի Մանուշակ Կարապետյանը սրտնեղում է, որ իրենց աշակերտները սովորելու տարրական պայմաններից զուրկ են. «Գոնե փոքր, միհարկանի, բայց քարե դպրոց լինի, ոչ թե փայտից», - սրտնեղում է ուսուցչուհին։
Շողակաթ Խաչատրյանն ասում է, որ խնդրի մասին տեղյակ են և համայնքապետարանում և մարզպետարանում, սակայն գյուղի համար օրակարգային դարձած հարցը այդպես էլ լուծում չի ստացել. «3 ամիս առաջ ՄԱԿ-ից են եկել, տեսել դպրոցը, խոստացել են օգնել, բայց մինչև հիմա դեռ պատասխան չեն տվել», - տեղեկացրեց նա։
Արևադաշտցիները նոր դպրոց ունենալու հույսը դեռ չեն կորցրել։ Ասում են՝ պայքարելու են այնքան ժամանակ, մինչև իրենք էլ հարևան գյուղերի նման ժամանակակից դպրոց ունենան։