«Փոստանջյանի հարցը ստվերեց Ս. Սարգսյանի ելույթը»
Հայաստանը ամենեւին չի «հնազանդվի» Ռուսաստանին։ Այս կարծիքին է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ Ըստ նրա՝ Մաքսային միությանը անդամակցելուց հետո հավանական է, որ կլուծվեն այն խնդիրները, որոնք այժմ խանգարում են լինել եւ Եվրամիությունում, եւ Մաքսային միությունում:
«Հայաստանի համար այսօր կարևոր է նաև Արցախյան խնդրի կարգավորման հարցը,- ասում է քաղաքագետը,- լավ է, որ Ադրբեջանի պատվիրակը լավ հնարավորություն ընձեռեց մեր նախագահին խոսել ԼՂ խնդրի մասին: Սերժ Սարգսյանը վերահաստատեց այն միտքը, որ պատերազմով չէ, որ պետք է լուծել արցախյան հարցը»:
Անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի հարցադրմանը՝ Հրանտ Մելիք- Շահնազարյանն ասաց. «Զարուհի Փոստանջյանի հարցադրումը չէր կարող չստվերել ցանկացած նախագահի ելույթը: Նրա հարցը մեր ներքին խնդիրն է: Նա լուծեց մեկ այլ խնդիր` իր անձնական PR-ի հարցը, չնայած այստեղ PR բառն օգտագործելը տեղին չէ»:
Ինչ վերաբերում է թուրքական եւ ադրբեջանական մամուլի անդրադարձերին Զարուհի Փոստանջյանի տված հարցից հետո, քաղաքագետը ասաց. «Թուրքական ու ադրբեջանական ԶԼՄ-ները ինքնաբավարարվելու նոր հնարավորություններ ստացան. նրանք Փոստանջյանի հարցից վերնագրեր դրեցին իրենց հոդվածներին, բայց նման քաղաքականությունը երբեք էլ հաջողություն չի ունեցել: Ու ասել, թե մենք տեղեկատվական պատերազմում տանուլ տվեցինք` ճիշտ չէ»: