Մեկնարկեց տեխնոլոգիական հայության տոնը
Հոկտեմբերի 4-ին, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում մեկնարկեց «ԴիջիԹեք Էքսպո 2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը: Բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Բացման խոսքով հանդես եկան Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «Ռոստելեկոմ» ԲԲԸ նախագահ Սերգեյ Կալուգինը, «Քուեսթրեյդ Ինտերնեյշնլ Ինկ.» ընկերության hայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արտաշես Հարությունյանը:
Ցուցահանդեսը կտևի 3 օր` հոկտեմբերի 4-6-ը, Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» կենտրոնում:
ԴիջիԹեք 2013 ցուցահանդեսին մասնակցում են տեղական, կանադական, սինգապուրյան, ռուսական և ամերիկյան 120 կազմակերպություններ: Ցուցահանդեսն այս տարի ներկայանում է առավել մեծ ծավալով և նոր ձևաչափով:
ԴիջիԹեքին կից այս տարի առաջին անգամ անցկացվում է նաև ԱրմԹեք համաժողովը, որին աջակցում է «Ի-Դի-Էմ-Սի» ծրագիրը` ՏՏ ոլորտի շարունակական զարգացմանը նպաստելու, միջազգային գործարար կապեր և ներդրումներ խթանելու նպատակով: