364 օրվանից ընդամենը մեկ օր` ուսուցիչներին
Ուսուցիչների օրվան ընդառաջ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում մի շարք տնօրեններ, ուսուցիչներ, ինչպես նաև մանկապարտեզի աշխատակիցներ պարգևատրվեցին շնորհակալագրերով, պատվոգրերով և ոսկե հուշամեդալներով:
Միջոցառման ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց. «Քիչ է, որ 364 օր տարվա մեջ դուք ճառագում եք, էներգիա եք տալիս, ու ընդամենը մեկ օր է, որ ձեզ հայ հասարակությունը փոխհատուցում է: Ամեն ինչի հիմքում ուսուցիչն»:
ԿԳՆ-ում տեղի ունեցած միջոցառման ընթացքում լավագույն 10 ուսուցիչներին հեռուստացույցներ նվիրեց «Ucom» ընկերությունը:
Նշենք, որ Ուսուցիչների օրը, որպես մասնագիտական տոն, ՀՀ կառավարության որոշմամբ նշվում է 2010թ. հոկտեմբերի 5-ից: Տոնին ընդառաջ՝ ԿԳՆ-ն կազմակերպում է «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթները: Այս տարի մրցույթին մասնակցել են 38 մանկավարժներ` մարզերից և Երևանից: Հաղթողների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 5-ին: