Քեմբրիջի շրջանավարտի գործը կասկած է հարուցում
«Անհիմն մեղադրանք, անհեթեթ կալանավորում, անիմաստ ազատազրկում, 5 ամիս գտնվում են կալանավայրում՝ ինչ -որ 36,000 դրամի համար»,- այսպես է գնահատում Քեմբրիջի շրջանավարտ Արամ Մուղալյանի եւ նրա 3 ընկերների դեմ հարուցված քրեական գործը իրավապաշտպան Արման Դանիելյանը։
Ի պաշտպանություն նրանց՝ այսօր Գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիա էր կազմակերպվել։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին արդարացնել բոլոր երիտասարդներին, քանի որ, իրենց խոսքերով, նրանք անմեղ են։
«Նրանք ապօրինի կերպով են գտնվում անազատության մեջ, եւ մի քիչ տարօրինակ է այս գործը, որովհետեւ տուժողը սկզբում նշել էր, որ իր գույքը վնաս չի կրել, բողոք պահանջ չունի, սակայն հետո փոխել է իր ցուցմունքը»,- նշեց Արամի ընկեր Դանիել Իոհաննիսյանը։
Դանիել Իոհաննիսյանը, անդրադառնալով համաներման փաստին, նշեց, որ Արամին ներել կամ չներելու կարիք չկա, նա եւ իր ընկերները արդեն 5 ամիս է՝ անցկացնում են բանտում եւ պետք է պարզել, թե ում են ներելու։
Մարտի 13-ին Արմավիրի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանի խոտի դեզը ոչնչացնելու համար։
Այսօր Արամի մորը՝ Վարդուհի Շափալաթյանին միայն ուրախացրեց այն փաստը, որ որդին դադարեցնում է հայտարարած ջրադուլը, սակայն հացադուլը դեռ կշարունակի։
Տիկին Վարդուհին այս գործում քաղաքական ենթատեքստ չի տեսնում։ Իսկ թե ինչու է այդպիսի գործ հարուցվել, միայն ենթադրություններ ունի եւ չի ցանկանում բարձրաձայնել։
Այսօր Վարդուհի Շափալաթյանը նամակ հանձնեց Վճռաբեկ դատարանի նախագահին՝ խնդրելով ապահովել արդար դատաքննություն։