Հեռակա գուշակություն սուրճի բաժակով՝ «Դիջիթեք»-ում
Կիբեռ լաբիրինտ, տարատեսակ ռոբոտներ, առանց փամփուշտի ինքնաձիգ, բախտի բաժակ։ Այս և այլ տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների կարող եք ծանոթանալ «Դիջիթեք էքսպո 2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին՝ մինչև հոկտեմբերի 6-ը։
Արդեն 9 տարի շարունակ «Դիջիթեք Էքսպո» տեղեկատվական հեռահաղորդակցական ցուցահանդեսում տեղական և արտերկրյա կազմակերպություններ ներկայացնում են իրենց տեխնոլոգիաները, ծառայությունները, ինովացիոն համակարգերը։ Այսօր մեկնարկած ցուցահանդեսին այդ կազմակերպությունների թիվը շուրջ 120 էր։
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ մուտք գործելով միանգամից մոտենում ես մարդաշատ ու աղմուկ լի տաղավար։ Նույն ինստիտուտի աշխատակիցները ցուցահանդեսի մասնակիցներին ներկայացնում են իրենց՝ ձեռքի հակատանկային նռնականետի և ինքնաձիգ տեսակի զենքերի վարժասարքերը։
«Վարժասարքի առավելությունը կայանում է նրանում, որ առանց փամփուշտ օգտագործելու՝ մարտիկը կարող է հասնել որոշակի մարտական պատրաստվածության։ Առանց փամփուշտ օգտագործելու վիրտուալ հրաձգարան է ստեղծվում, ինքը լազերային վարժասարքային կոմպլեքս է»,- ներկայացնում է ծրագրավորող Խաչիկ Օհանյանը։
Այս վարժասարքերն արդեն մի քանի տարի է՝ օգտագործվում են պետական տարբեր բնագավառներում։ Ի տարբերություն լազերային վարժասարքերի, Հայաստանի ճարտարագիտական համալսարանի կիբերնետիկայի 4-րդ կուրսի ուսանողների հայտնագործությունն առաջին անգամ է ներկայացվում հանրությանը։
Կիբեռ Լաբիրինտ՝ այսպես են անվանել իրենց նորարարությունը Հրանտ Գրիգորյանն ու իր երկու ընկերները։ Վահանակի օգնությամբ կարելի է կառավարել դաշտը և գունդը տեղաշարժելով տանել դեպի վերջնակետ։ Բացի վահանակից նաև հնարավորություն կա վահանակը կառավարել անդրոիդ սարքով։
Նորագույն տեխնոլոգիաները կհեշտացնեն բախտագուշակներին հավատացողների կյանքը։ Բախտագուշակության համար գուշակին այցելելու կարիք այլևս չկա։ Բախտի բաժակ տաղավարին մոտենալով՝ կարող եք ծանոթանալ, թե ինչպես պետք է սուրճն ըմպելուց հետո նկարել բաժակը տարբեր կողմերից և ուղարկել 4 բախտագուշակներից մեկին։ Մինչև լուսանկարներն ուղարկելը, պետք է գրանցվել բախտի բաժակ համակարգում։ Իսկ հաղորդագրության համար բաժանորդները վճարում են 2000 դրամ։
Հավելվածի հեղինակները համոզված են, որ սրանով աշխատատեղերի խնդիր են լուծում։