«Ժառանգությանը» չթողեցին խոսել ընտրակեղծիքներից
Հոկտեմբերի 7-8 ԵՄ ֆինանսավորմամբ անցկացվում է «Ընտրական գործընթացում ներգրավված կողմերի դերակատարության գնահատում» թեմայով երկօրյա համաժողովը, որին մասնակցում են ընտրական գործընթացներին ներգրավված կառույցների` ՀՀ Ոստիկանության, ՀՀ Դատախազության, Հասարակական կազմակերպությունների, ընտրական հանձնաժողովների, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ:
Որպես Ոստիկանության գլխավոր թերացում «Ընտրական ժողովրդավարության կենտրոն» ՀԿ նախագահ Աղասի Եսայանը նշեց ուռճացված ընտրացուցակների և մեկ բնակարանում չափից ավելի մարդկանց գրանցման փաստը:
Իսկ որպես հրատապ լուծում պահանջող խնդիրներ օրակարգում ներառված են Վարչական ռեսուրսի դերակատարությունն ու ընտրակաշառքների վերահսկումը:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ինչպես նաև «Ընտրական ժողովրդավարության կենտրոն» ՀԿ նախագահ Աղասի Եսայանը բացման խոսքում դրական գնահատեցին հայաստանյան ընտրական գործընթացները` մասնավորապես շեշտելով թափանցիկությունը, ընտրատեղամասերում ակնհայտ բռնության դեպքերի բացառումը եւ լրատվամիջոցների կողմից հավասարաչափ լուսաբանումը: Այս գնահատականների հետ համաձայն չէր «Ժառանգության» ներկայացուցիչ, կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, որը խնդրեց իրեն հավելյալ ժամանակ տրամադրել` ընդդիմության գնահատականը բարձրաձայնելու համար և մերժում ստանալով` լքեց դահլիճը` ի նշան բողոքի:
«Ա1+» -ի հետ զրույցում նա նշեց, որ խոսելու էր բացահայտ ընտրակեղծիքների մասին` ներկայացնելով ԵՄ դիտորդների վկայությունները: Իսկ իր` դահլիճը լքելու պատճառն այն է, որ հերթական անգամ ընդդիմադիր կողմին հավասար հնարավորություն չի ընձեռվում: