Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջավախահայերի հույսը Իվանիշվիլի՞ն է

Հասարակություն
da18eadcb199b64ace68f2b063f23c7b

Վրաստանն ընտրությունների շեմին է, և ինչպես հայտնի է՝ ընտրությունները հարմար առիթ և հույս են, որ ժողովրդի բողոքի ձայնը հասնի իշխանություններին։

Առիթից օգտվելով՝ տեղի ազգային փոքրամասնությունները, այդ թվում հայերը, հիշեցնում են իրենց խնդիրների մասին: Եթե նախկինում տեղի հայ համայնքն իր հույսը կապում էր այսօր գործող իշխանության եւ նախկին ընդդիմության՝ Բիձինա Իվանիշվիլու հետ, ապա այսօր հիասթափված է:

Վրացահայ, «Սամցխե - Ջավախք» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Գաբրիելյանը հաղորդում է. «Մեկ տարվա իշխանություն է, բայց մենք ընդհանրապես շոշափելի արդյունք չենք տեսել, կես կատակ կես լուրջ ասում ենք՝ Վրաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ, բայց Ջավախքում իշխանափոխություն չի էլ եղել»։

Ջավախահայերը առաջին հերթին պահանջում են, որ հայոց լեզվին «Սամցխե-Ջավախք տարածաշրջանային լեզվի» կարգավիճակ տրվի, ինչպես նաև հայկական դպրոցներում ավելացվեն մայրենիով դասաժամերը, իսկ հայոց պատմություն առարկան լինի ծրագրային։
Ջավախահայ Արտակ Գաբրիելյանն այս խնդիրների լուծումը համարում է հրատապ, քանի որ Վրաստանն այսօր պետական մակարդակով ձուլման քաղաքականություն է վարում, հատկապես հայերի նկատմամբ։ Այս իրավիճակում, ըստ վրացահայի, միակ մեղավորը Վրաստանի իշխանությունները չեն:

«Հայաստանի Հանրապետության իշխանությունների պահվածքն է նաև շատ կարևոր այս հարցերի հետ կապված: Նախորդ իշխանություններն ամեն ինչ շատ լավ մարսեցին և կուլ տվեցին», -ասում է Արտակ Գաբրիելյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Վիրահայերի միասնության» նախագահ Տաճատ Վարդանյանը չի կիսում վրացահայ Արտակ Գաբրելյանի մտահոգությունը և մեծ հույսեր է կապում վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հետ։
Եթե հոկտեմբերի 27-ին Վրաստանի նախագահի ընտրություններում հաղթի Բիձինա Իվանիշվիլու կուսակցության թեկնածուն, ապա ըստ Տաճատ Վարդանյանի՝ կարճ ժամանակ հետո մենք շոշափելի փոփոխություններ կզգանք ջավախահայերի կյանքում։ Նա նշեց, որ այդ մասին իրեն անձամբ խոստացել է Իվանիշվիլին՝ Երեւան կատարած այցի ընթացքում։

«Իվանիշվիլին հանդիպման ժամանակ մեկ անգամ ևս վստահեցրեց, որ անպայման այս խոստումները դառնալու են իրականություն և կատարվելու են»: