Աշխարհը՝ Հայաստանի ու հայերի մասին
«Հայագիտակ» հրատարակչությունը հրատարակության է պատրաստել «Երկիր դրախտավայր. Նշանավոր օտարերկրացիները Հայաստանի և հայերի մասին հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ 250 օտարերկրացի պատմիչների, ճանապարհորդների, դիվանագետների, գրողների, արվեստագետների, ռազմական, պետական գործիչների վկայությունները, բնութագրումները, ճամփորդական նյութերը, հոդվածներն ու գեղարվեստական ստեղծագործությունները:
Նման ժողովածուի հրատարակումը բխում է համապարփակ հանրագիտարանային մի ամբողջության մեջ հայերի ու Հայաստանի մասին հայտնի օտարերկրացիների տեսակետներն ու գրառումները համախմբելու անհրաժեշտությամբ ու առկա պահանջարկով:
Ժողովածուի հրատարակմանն աջակցելու խնդրանքով նախաձեռնության հեղինակները դիմել են «Տաշիր» բարեգործական հիմնադրամին:
Գիրքն ընդգրկելու է հունահռոմեական, ասորական, բյուզանդական, պարսկական, թուրքական, եվրոպական և այլ աղբյուրներից քաղված տվյալներ, որոնք ամբողջացնում են ինչպես համաշխարհային մեծ ճանաչում ունեցող, այնպես էլ մեր հանրության լայն շրջանակներին ոչ շատ հայտնի, բայց իրենց ժամանակաշրջանում շոշափելի դերակատարություն ունեցած օտարերկրացիների մոտեցումներն ու գնահատականները հայ ժողովրդի ու Հայաստանի մասին, ինչը թույլ կտա թե հայ և թե միջազգային հանրությանը համապարփակ ներկայացնել մեր երկիրն ու ժողովրդին հենց օտարերկրացիների աչքերով:
Գրքի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են, և ժողովածուն նախատեսվում է լույս ընծայել առաջիկա 5-6 ամսվա ընթացքում: Նախնական պայմանավորվածությամբ, ժողովածուի տպաքանակի զգալի մասը, որպես նվեր, կտրամադրվի Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհի մի շարք երկրների գրադարաններին: