«Խոպան» գնում են ամենաշատը Գեղարքունիքից
«Հայաստանում միգրացիան ոչ մի բացառիկ տարր չունի»,- այսօր մեկնարկած «Ժողովրդագրական մարտահրավերները ՀՀ-ում» համաժողովի շրջանակներում նշեց ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԲՀ ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն։ Նրա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Կենտրոնական Ասիայում միգրացիան ավելի մեծ թափ ունի, քան Հայաստանում։
Պարոն Բուզետտոն նկատում է, որ հայ աշխատանքային միգրանտները, որոնք հատկապես մեծ թիվ են կազմում Գեղարքունիքի մարզում, որպես օրենք միշտ ետ են վերադառնում. «Մեր հարցումները ցույց են տվել, որ հատկապես դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողները ետ են վերադառնում։ Ի դեպ, զարմանալի է այն փաստը, որ հայերը աշխատում են Ռուսաստանի մեծ քաղաքներում, մինչդեռ խորհրդային տարիներին նրանք նախընտրում էին գյուղական տարածքները»։
Բրեդլի Բուզետտոն նաև նկատել է, որ Հայաստանում միգրացիան ազդում է նաև գյուղից քաղաք միգրացիայի աճի վրա. «Մարդիկ, ովքեր մշտապես են մեկնում արտագնա աշխատանքի, իրենց ընտանիքներին կամ տանում են իրենց հետ, կամ տեղափոխում քաղաք, վերջինը ավելի է գերակշռում»։
Իր խոսքի վերջում ՄԱԿ-ի մշտական համակարգողը ժպիտով հավելեց, որ ինքը հոռետես չէ, ու հույս հայտնեց, որ Հայաստանը կհաղթահարի ժողովրդագրական մարտահրավերները։