«Մաքսային միությունը կորուստներ կտա»
«Դեռ վաղ է խոսել, թե ինչ է իրենից ներկայացնում Մաքսային Միությունը, բայց որ այն կորուստեր կտա, դա հաստատ է»,- համոզված է վերակազմավորվող ՀՀՇ-ի անդամ Արարատ Զուրաբյանը։ Նա ափսոսանք է հայտնում ու անգամ զարմանում է, որ Հայաստանը հենց այդ ճանապարհն ընտրեց։
Արարատ Զուրաբյանը նշում է, որ շատ կարեւոր են նաեւ անվտանգության խնդիրները, եւ սա ամենալուրջ մարտահրավերն է. «Եկեք նկատի ունենանք, որ սա մեկ օրվա պրոցես չէ, 4 տարի է, եւ Հայաստանի իշխանությունները պետք է հաշվի առնեին դա, չեմ կարծում, որ այդքան միամիտ են»:
Վերակազմավորվող ՀՀՇ-ի անդամը վստահ է, որ իշխանությունն իր հնարավորությունը չիրացրեց: Սակայն հավելում է, որ ընդդիմությունը նույնպես ոչինչ չարեց. «Հոկտեմբերի 26-ին անցկացնելու ենք ՀՀՇ-ի հիմնադիր համագումարը, կփորձենք այդ բացը լրացնել: Դա բավականին բարդ պրոցես է:
Այն իրողությունը, որ կա ընդդիմադիր դաշտում, շատ ցավալի է: Փաստորեն, ընդդիմությունը կենտրոնացրել է իր ջանքերը ոչ այն ուղղությամբ: Ընդդիմադիր դաշտը չի կարող այսպիսին մնալ, եթե մնա, Հայաստանը կգնա կործանման»։
Ընդդիմության վիճակն ավելի ցայտուն ցույց տալու համար Արարատ Զուրաբյանը հիշեց Գլխավոր դատախազի ընտրությունը. «Տեսեք՝ մի փոքրիկ քվեարկություն էր, բայց ինչքան հարցի պատասխան տվեց: Յուրաքանչյուրը մտածել է , որ «դեմ»-եր կլինեն, որտեղ չի երեւա իրենը»: