Գազի թանկացման պայմանագիր իրոք չկա
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հարցերին ի պատասխան՝ հայտարարեց, որ գազի գնի հետ կապված այն պայմանագիրը, որի մասին վերջին օրերին շահարկվում էր, գոյություն ունի։
Դա «Գազպրոմ»-ի և «Հայռուսգազարդ»-ի՝ գազի գնման պայմանագիրն է։ Պայմանագիրը գտնվում է «Հայռուսգազարդ»-ում, և վարչապետի համաձայնությամբ մեկ օրինակով ուղարկվել է ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին, ով այս հարցը բարձրացրել էր ԱԺ հարցուպատասխանի ժամանակ։
Իսկ լրագրողներից մեկի հարցին, թե՝ իսկ ինչո՞ւ ԱԺ-ում վարչապետը հայտարարեց, որ պայմանագիր գոյություն չունի, նախարարը պատասխանեց. «Այո, վարչապետը իրավացի է՝ Հայաստանի կառավարության եւ ռուսական կողմի միջեւ պայմանագիր գոյություն չունի, ինչը մենք պետք է ստորագրենք»։ Նա նաեւ հույս հայտնեց, որ մինչեւ տարեվերջ պայմանագիրը կկնքվի։
«Սեպտեմբերի 3-ին, երբ հայտարարվեց, որ մտնում ենք Մաքսային միություն, «Գազպրոմ»-ի և «Հայռուսգազարդի» միջեւ պայմանագիրը փոփոխության ենթարկվեց, ավելի պարզեցվեց. ռուսական կողմից արտահանման հարկերն այլեւս չեն կիրառվելու Հայաստան ներկրվող գազի վրա. դա կազմում է 30 տոկոս,- ասում է նախարարը։- Հաշվարկները ցույց են տալիս, որ հավանաբար ոչ թանկացում կլինի, ոչ էլ էժանացում, քանի որ մենք «այն գլխից» ունեինք փոխհատուցման մասին պայմանավորվածություն»։
Նախարարը, մասնավորեցնելով իր խոսքը, նշեց, որ երբ հայտարարվեց ՄՄ մտնելու մասին, 30 տոկոս սուբսիդավորման հարցը վերացավ, դա այն դեպքում էր կիրառելի լինելու, եթե չմտնեինք մաքսային։
Արմեն Մովսիսյանը նշում է, որ մինչ այս պահը սահմանի վրա գազը վաճառվում է 270 դոլարով, սակայն հուլիսի 1-ին, երբ հայտարարվեց գազի գնի թանկացման մասին, վերջնական սպառողը գազը ստանում էր պետության կողմից 30 տոկոս սուբսիդավորմամբ՝ 189 դոլարով։
Այժմ՝ ՄՄ մտնելու պահից սկսած, սահմանի վրա գազի գինը կլինի 189 դոլար, այսինքն՝ ըստ նախարարի, այլեւս չեն կիրառվի էներգետիկ հարկերը, և ՀՀ ներկրվող գազի գինը լինելու է ռուսական ներքին շուկայի գազի գնին հավասար, գումարած՝ տրանսպորտային ծախսերը։
«Դա նշանակում է, որ գազի գինը ինչքան թանկացել է վերջին պայմանագրով, այդքան էլ կմնա, բացի այդ, եթե նախկինում պայմանավորվածություն էինք ձեռք բերել գազի գինը չբարձրացնել միչեւ 5 տարի, ապա այս նոր՝ թարմացված պայմանագրով ժամկետային սահմանափակումները դուրս են գալիս»,- պարզաբանում է նախարարը։