Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը սեփական կատու էլ չուներ» (տեսանյութ)

Հասարակություն
1d8a9cdade7cddb04df9ef83becd8051

ՍԴՀԿ նախկին անդամ, ՀԱԿ նախկին անդամ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը չի մեղադրում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին՝ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին տված հարցի համար։

«Զարուհին բարձրաձայնել է մի բան, որը տասը տարի է՝ գործածության մեջ է։ Դրա մասին խոսել են, ուղղակի գնալով գումարն է աճում։ Մարդու ծիծաղ է գալիս, լացը չի գալիս։ Մեծագույն երգիծաբանները չէին կարող նման ստեղծագործություն գրել»,-ասաց Գուրգեն Եղիազարյանը։

Նա ՀՀԿ-ականներին առաջարկեց, որ եթե մարդ են ուղարկում խաղատուն, թող նախապես աճպարարի հետ մարզվեն, նոր գնան, որ շատ գումար չպարտվեն։
Պարոն Եղիազարյանի համար Զարուհի Փոստանջյանի հայտարարությունն անհասկանալի հարցեր է առաջացնում։

«Վերջին նախագահականի ժամանակ իրենք կուսակցությունով մեկ գովում էին Սերժ Սարգսյանին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն այստեղ ու այնտեղ հայտարարում էր, թե Սերժը մեր պարծանքն է, Ղարաբաղի հերոս է, իրենից լավը չկա։ Հիմա, եթե էդ մարդը խաղամոլ է, հո նո՞ր չդարձավ։ Սերժ Սարգսյանի խաղալու մասին խոսել են էն մարդիկ, ովքեր հիմա իր կողքին են։

Ողջ անվտանգության համակարգն աշխատում է ընդդիմության դեմ։ Ո՞նց կարող էր Զարուհի Փոստանջյանը դներ ու Եվրոպայի կենտրոնում միանգամից գնդակահարեր Սերժ Սարգսյանին»,-նշեց Գուրգեն Եղիազարյանը։

Ըստ քաղաքական գործչի, մեկ այլ կետ կա, որ շատ ավելի կարևոր է Զարուհի Փոստանջյանի հարցի մեջ.«Զարուհին ասում է, որ Սերժ Սարգսյանը կրիմինալ է, գող է, որը գողացավ ժողովրդի քվեները։ Սրա մասին խոսք չկա, այսինքն՝ մենք ընդունում ենք, որ այդպես է»։

Գուրգեն Եղիազարյանը նաև զարմանում է, թե ինչպես կարող է սոված երկրի նախագահը 70 մլն եվրո այս ու այն կողմ անի.«Եթե Բեռլուսկոնին անի, նորմալ է, նա միլիոնատեր է։ Երբ Սերժ Սարգսյանը եկավ Հայաստան, սեփական կատու էլ չուներ»։

Պարոն Եղիազարյանի խոսքերով՝ ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի հարցը Մաքսային միության ուղիղ արձագանքն է Եվրոպայում՝ Զարուհու ձեռքով։

«Եվրոպայում պետք է բարձրաձայնվեր այս հարցը՝ խայտառակ անելու համար։ Սա Մաքսայինի պատասխանն էր։ Եթե Բադեն-Բադենում մեկը խաղացել է, ապա այդ ինֆորմացիան կարող են տարածել միայն հատուկ ծառայությունները»։

Մյուս տարօրինակությունը, որը Գուրգեն Եղիազարյանը տեսնում է այս պատմության մեջ, այն է, որ Զարուհի Փոստանջյանը հարցի իրավունք չի ունեցել, սակայն ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը նրան ձայն է տվել։

«Մյուս տարօրինակությունն այն է, երբ նույն կուսակցության («Ժառանգություն»-խմբ.) անդամները սկսում են իրարամերժ կարծիքներ հայտնել` կարելի էր հարցը տալ, չէր կարելի»,-ընդգծեց Գուրգեն Եղիազարյանը։

Ի դեպ, ՀՀԿ-ից ասուլիսին պետք է ներկա լիներ Ռաֆիկ Պետրոսյանը, ով չէր եկել։ Ավելի վաղ Արամ Գասպարի Սարգսյանի հետ բանավեճի չէր եկել նաեւ ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը։