«Վաղը կվերացվի մեր պետականությունը»
Վաղվանից սկսած Նախախորհրդարանը մեկնարկում է տարաբնույթ ակցիաներ Փակ շուկայի մոտ: Այսօր այս մասին հայտարարեց Նախախորհրդարանի անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանը:
Նա տեղեկացրեց, որ վաղը տեղի կունենա Փակ շուկայի` որպես սուպերմարկետի պաշտոնական բացումը. «Այստեղ կրկնակի ցավ կա` վերացավ հուշարձան, որը հետագայում անպայման կվերականգնվի, երկրորդ ցավը, որ վերջնական բացումով կվերացվի պետականությունը: Սա կնշանակի ոչ միայն նախաձեռնության, այլ պետության կորուստ, այսինքն` պետությունում չկար մի օղակ, որը կկարողանար կանխել այս հանցագործությունը»:
Ուստի պարոն Հակոբյանը կարծում է, որ վաղը հուշակոթողի պաշտպանությամբ զբաղվող բոլոր պետական հիմնարկները պետք է փակվեն:
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, Նախախորհրդարանի անդամ Լարիսա Ալավերդյանի կարծիքով` հուշակոթողի ավերման հարցում մեղավոր է յուրաքանչյուր քաղաքացի. «Դրա համար չպետք է ասել` իսկ ո՞ւր էին ակտիվիստները, ամեն մեկը պետք է ասի` իսկ ո՞ւր էի ես»: Այդուհանդերձ, տիկին Ալավերդյանը գտնում է, որ իշխանությունները քաջ տեղյակ են եղել այս գործընթացից. «Անգամ ճանճը չի կարող տզզալ առանց իշխանությունների իմացության: Նրանք քաջատեղյակ են եղել` ինչ է տեղի ունենում Փակ շուկայում: Ազգային աղետը այսպիսի իշխանություններ ունենալն է»,- ասաց Նախախորհրդարանի անդամը:
Ճարտարապետներ Մարինա Փարազյանը հիշեցրեց, որ Փակ շուկայի շենքը վաճառվել է առանց որևէ պարտավորագրի առկայության. «Վերադառնանք սկիզբ, հանրապետական նշանակության այս կառույցը վաճառվել է 1990-ական թթ. ու առանց որևէ պարտավորագրի, ինչը անհնարին է: Վաճառել են որևէ մեկին և որևէ պարտավորագիր չեն ստորագրել, այնուհետև առանց պարտավորագրի տարբեր մարդկանց է վաճառվել: Կարևոր չէ` ովքեր են եղել սեփականատերերը, կարևորը երևույթն է, որը տեղի է ունեցել ապօրինաբար:
Կառավարությունը ոչ մի լծակներ չի ունեցել զսպել կառուցապատողին»,- ասաց ճարտարապետը և հավելեց, որ վերջնական նախագիծ այդպես էլ չի եղել. «Բոլոր ատյաններում այդ մասին բարձրաձայնվել էր: Կառավարությունը ոչինչ չի կարողացել անել: Հիմա մենք ունենք շահագործվող շենք, որը ունի դատարկ փաստաթղթեր»: