Սպառվող թռչնամսի 26 տոկոսն է տեղական
«Հայաստանյան շուկայում ձվի դեֆիցիտ չկա և չի սպասվում»,-հայտարարեց Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն այսօր հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ: Իսկ օգոստոսին ձվի գնի բարձրացման պատճառն, ըստ միության նախագահի, ածան հավերի գլխաքանակի նվազումն էր, ինչը բերել էր ձվի դեֆիցիտի: Այս պահին մեր երկրում ձվի դեֆիցիտ չկա, եւ շուկայի սպառման պահանջարկը մոտ 700 հազար ձու է, ինչը բավարարում է:
Ըստ Ս. Ստեփանյանի՝ այսօր ձու արտադրողները վարկի տակ են, որպեսզի գլխաքանակ ձեռք բերեն դեֆիցիտից խուսափելու համար. ձվի վրա կիրառվող 20 տոկոս ԱԱՀ-ն նույնպես արտադրողներին վնասներ է պատճառել:
Անդրադառնալով նաև թռչնամսի թեմային՝ Ս. Ստեփանյանը նշեց, որ ներկայումս Հայաստանում տարեկան սպառվում է 33 000-38 000 տոննա թռչնամիս, որի ընդամենը 26 տոկոսն է տեղական արտադրանք: Թռչնամսի արտադրության ծավալների բարձրացման և ինքնաբավ շուկա ունենալու համար Թռչնաբույծների միությունը Գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ մշակել և կառավարությանն է ներկայացրել ծրագիր, սակայն 2010 թվականից մինչ օրս որևէ արձագանք չեն ստացել: «Առաջնահերթ պետք է լուծել կերի հարցը: Այսօր մեր երկիրը 58 մլն. Եվրո ուղղորդում արտերկրի շուկաներ՝ կերի ձեռք բերման համար, այնինչ այդ գումարն ուղղորդելով սահմանամերձ շրջանների անմշակ հողատարածքների մշակմանը՝ կխթանենք տեղական կերի արտադրությունը և նաև մասամբ կլուծենք սահմանամերձ շրջանների բնակիչների զբաղվածության հարցը»,- առաջարկեց Թռչնաբույծների միության նախագահը: Ծրագրի իրականացման դեպքում մինչև 2015 թվականը թռչնամսի տեղական արտադրանքը կարող է կազմել սպառվող ծավալի 51 տոկոսը, ինչից հետո աշխատանքներ կկատարվեն շուկան ինքնաբավ դարձնելու ուղղությամբ:
Ինչ վերաբերում է թռչնամսի որակին, բանախոսները նշեցին, որ թռչուններին կերի հետ հավելանյութեր տրվում են, սակայն միայն անհրաժեշտ վիտամինների տեսքով, իսկ հորմոնային հավելումները «թանկ հաճույք են» :
«Ա1+» -ի հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում թռչնամսի որակի և վտանգավոր մանրէների առկայության վերահսկման ուղղությամբ, Ս. Ստեփանյանը պատասխանեց, որ արտադրություն-տեղափոխում-վաճառք շղթայում դժվար է որոշել, թե շղթայի հատկապես որ փուլում է առաջացել խնդիրը: