Կովալենկո Շահգալդյանը դեռ աշխատում է
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը չի պատրաստվում հրաժեշտ տալ իր պաշտոնին։ Այս մասին այսօր «Ա1+»-ին հայտնեց Կոտայքի մարզպետարանի լրատվության և հասարակայնության բաժնի պետ Արմեն Օհանյանը։
«Ա1+»-ն նրան դիմեց այն բանից հետո, երբ մարզպետի օգնականն ասաց, որ չենք կարող այս հարցով խոսել անձամբ պարոն Շահգալդյանի հետ։
«Լուրերը, որ շրջանառվում են մամուլում, թե առաջիկա օրերին Կոտայքի մարզպետը հրաժեշտ կտա իր պաշտոնին՝ ապատեղեկատվություն է։ Պարոն Շահգալդյանը շարունակում է իր աշխատանքը՝ բնականոն հունով»,-ասաց Արմեն Օհանյանը՝ հավելելով, որ մարզպետը հիմա մարզում է և աշխատում է ժամը 9-ից մինչև 18-00։
Կոտայքի մարզպետի՝ պաշտոնից հեռանալու լուրերը կապում են նաև դիզվառելիքի յուրացման գործում ներգրավված լինելու հետ։
ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից յուրացում, պաշտոնական կեղծիք և պաշտոնական դիրքի չարաշահում կատարելու դեպքի առթիվ։
«Գործը ՀՔԾ-ում է։ Նախաքննության արդյունքները ՀՔԾ-ն կհրապարակի, ու հենց էդ արդյունքների հիման վրա արդեն կլինեն ճիշտ դատողություններ, ու համաձայն դրա՝ արդեն ակներև կլինի, թե որ մարզպետարանն է չարաշահում կատարել և որը ոչ։ Մենք համոզված ենք, որ մենք ոչ մի բան չենք կատարել։
Մեր դեպքում դիզվառելիքի յուրացում չի կարող տեղի ունենալ, որովհետև մեր համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները աշխատել են իրենց պարտականությունների իրավասությունների շրջանակներում, և ամեն ինչ փաստաթղթերով ներկայացվել է ՀՔԾ։ Նախաքննությունը կավարտվի, նոր պաշտոնական կարծիք արդեն հնարավոր կլինի կազմել ՀՔԾ-ի ներկայացված կարծիքների հիման վրա»,-ասաց Արմեն Օհանյանը։
Պարոն Օհանյանը հերքեց նաև այն լուրերը, թե Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի՝ պաշտոնից հեռանալը կապ ունի թոշակի տարիքի հետ։