Լարված իրավիճակ Փակ շուկայի մոտ (տեսանյութ)
Նախախորհրդարանը այսօրվանից ոչ միայն պահանջելու է վերականգնել Փակ շուկան, այլեւ կոչ է անում բոյկոտել շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը: Նախաձեռնությունն այսօր Մաշտոցի պուրակից մեկնարկեց իր բողոքի շարքը;
Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը վստահեցրեց, որ շուկայի սուպերմարկետի վերածվելը չի ընդհատի իրենց պայքարը;
Իսկ Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը տեղեկացրեց, որ բացի իրենց բողոքի ակցիաներից Փակ շուկայի հարցը նրանք կտեղափոխեն իրավական դաշտ,որտեղ կորոշվի՝ ով է մեղավորը։
Մաշտոցի պուրակից Նախախորհրդարանի անդամները եւ շուկայի ճակատագրով մտահոգները երթով շարժվեցին դեպի շուկա, որտեղ նրանց սպասում էին ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի համակիրները։
Նրանք պահանջում են լքել տարածքը և գովերգելով Սամվել Ալեքսանյանին՝ պնդում են, որ նա ժողովրդի համար աշխատատեղեր է բացում։
Նախախորհրդարանի անդամներին Սամվել Ալեքսանյանի համակիրներից պահում է ոստիկանական պատը։
Իրավիճակը հանդարտվեց, երբ Նախախորհրդարանի անդամները որոշեցին հեռանալ՝ բախումներից խուսափելու համար։
Ի դեպ, այսօր շուկայում անվճար հաց է բաժանվել։