«Հայաստանի համար դժվար կլինի առանց ռուսաց լեզվի» (տեսանյութ)
Ռուսները նպատակահարմար չեն համարում ռուսաց լեզուն Հայաստանում դարձնել երկրորդ պետական լեզու։
ՀՀ-ում ՌԴ դեսպանի խորհրդական Վիկտոր Կրիվապուսկովն այս առիթով ասում է. «Մոնոէթնիկ երկրում էթիկապես ճիշտ չէ ռուսաց լեզուն դարձնել երկրորդ հիմնական լեզու»։
Չնայած դրան, ըստ պարոն Կրիվապուսկովի, Հայաստանի համար դժվար կլինի առանց ռուսաց լեզվի, 2009, 2010 թվականներից ռուսաց լեզուն Հայաստանի տնտեսության լեզուն է. «Դե, ինչպե՞ս կարելի է աշխատել երկաթգծում՝ չիմանալով ռուսաց լեզուն, եթե Հարավկովկասյան երկաթուղիները ռուսականի դուստր ձեռնարկությունն են, որտեղ կանոնադրությունը եւ նորմատիվ դրույթները ռուսերեն են»։
Դեսպանի խորհրդականը հիշեցրեց, որ «Նաիրիտում» վերջերս տեղի ունեցած վթարը, որը հանգեցրեց զոհի, նույնպես ռուսերենի չիմացության արդյունք էր։ Սուրենավանում արտադրական բիտումի գործարանում տեղի ունեցած հրդեհը եւս ռուսաց լեզվի չիմացության արդյունք էր. «Երբ փորձեցին պարզել հրդեհի պատճառները, պարզվեց, որ գործարանի 10 օպերատորներից միայն մեկը շատ թե քիչ գիտեր ռուսերեն եւ սեղմել էր ոչ այն կոճակը։ Իսկ եթե սեղմեր մեկ այլ կոճակ, Արարատի մարզի կեսը կոչնչանար»։
Կրիվապուսկովը շարունակում է՝ Հայաստանում սպան չի կարող չիմանալ ռուսերեն, նա ռուսական զինտեխնիկա է օգտագործում. «Սա վա՞տ է, թե՞ լավ։ Այո, ռուսերենը ձեզ համար պետք է լինի ոչ միայն առաջնային, այլեւ պարտադիր լեզու»։
Դեսպանի խորհրդականը հիշեցնում է, որ ամեն օր հայաստանցիները կապ են պահպանում Ռուսաստանում ապրող իրենց հարազատների հետ, իսկ դա տնտեսական առումով Հայաստան-Ռուսաստան բարեկամության օգտին է. «Անցյալ տարի անձնական հաշիվներով Ռուսաստանից Հայաստան է մտել մեկ միլիարդ 400 միլիոն դոլար, իսկ մնացած՝ ավելի հարուստ աշխարհից՝ 400 միլիոն դոլար։ Ես չեմ հավատում, որ մնացած աշխարհում ապրող ձեր հարազատներն ավելի ժլատ են, բայց թվերն այդպիսին են»։
Դեսպանի խորհրդականը հիշեցրեց նաեւ «Հայրենակիցներ» ծրագրի առավելությունների մասին՝ այստեղից հեռացողները հեռանում էին իրենց հարազատների մոտ. «Դե միայն ձեր Մարտունու շրջանով կարելի է դատել։ Որտե՞ղ են աշխատում մարտունեցիները՝ Արեւմտյան Սիբիրում, Ուրալում, նրանք լավ են աշխատում եւ ապահովում են իրենց ընտանիքիների հոգսերը։ Գնացեք եւ տեսեք, թե ինչ շենքեր են նրանք սարքում Մարտունիում»։