Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարությունները արդարանում են, իսկ նախագիծ չկա

Հասարակություն
83862490636c9db1b42058e18eb83f6f

Փակ շուկայի կորցրած կամարների վերականգնման նախագիծ այդպես էլ սեփականատերը չի ներկայացրել մշակույթի նախարարությանը: Այս մասին «Ա1+»-ին ասաց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը. «Ոչ, մշակույթի նախարարության հաստատմանը որևէ նախագիծ չեն ներկայացրել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության պահանջով՝ մարտի 6-ի գիտամեթոդական խորհրդի մասնագիտական եզրակացության համաձայն` սեփականատերը պետք էր իրականացներ Կենտրոնական ծածկած շուկայի հետնամասի պահպանված պատերի վերականգնման, ուժեղացման, ամրակայման, ինչպես նաև նորակառույց ծավալի երկաթբետոնե հիմնական հատվածի ապամոնտաժման աշխատանքները: Նշյալ աշխատանքների ավարտից հետո սեփականատիրոջից պահանջվում էր մշակել շուկայի կորցրած կամարների վերականգնման նախագիծը և այն սահմանված կարգով ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարության համաձայնեցմանը:

Կարո Այվազյանը նաև հավելեց. «Նախարարությունը դիմել է և քաղաքապետարան՝ շինարարությունը դադարեցնելու համար, և քաղաքաշինության տեսչություն, տեղեկույթ տվել դատախազություն ու ոստիկանություն: Այսինքն` օրենքով սահմանված կարգով մեր գործառույթները մենք իրականացրել ենք: Ցավոք սրտի, քաղաքաշինության նախարարությունը ասում է` ես վերահսկում եմ այն օբյեկտները, որոնք ունեն փաստաթղթեր, բայց մի քիչ ինձ դա չի համոզում, որովհետև նկուղային հարկի վերաբերյալ ինքը փաստաթղթեր ուներ»:

Իսկ Քաղաքաշինության նախարարությունից ասացին, որ իրենք էլ են օրենքով սահմանված կարգով գործառույթներ իրականացրել ու ուղղորդեցին մշակույթի նախարարություն: Նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը տեղեկացրեց. «Քաղաքաշինության նախարարությունը երկու անգամ ուսումնասիրություն է կատարել Ծածկած շուկայում և 0 նիշից բարձր շինարարության վերաբերյալ` որպես ինքնակամ կառույց օրենքի համաձայն տեղեկանք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանին, և քաղաքապետարանը կառուցապատող ընկերությանը երկու անգամ վարչական տուժի է ենթարկել. մեկ անգամ 200 հազար դրամով, մեկ անգամ՝ 1 մլն 250 հազար դրամի չափով: Ինչ վերաբերում է կամարներին՝ որպես պատմամշակութային հուշարձան, սա արդեն մշակույթի նախարարության գործառույթի մեջ է մտնում, և կարծում եմ` մեր գործընկերները սիրով ձեր հարցին կպատասխանեն»:

Հիշեցնենք, որ մինչ այդ Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ում օրոք քանդվեցին հուշարձանի կամարների 50 տոկոսը, «Ա1+»-ի հետ զրույցում պատասխանելով խնդրին վերաբերող հարցին՝ ասել էր, որ սա այն դեպքն էր, երբ ինքը անզոր դուրս եկավ. «Ես չեմ ուզում իրավիճակը էնպես նկարագրեմ, որ մեզ ամեն ինչ հաջողվում է, էդպես չի: Խնդիրները բնագավառում շատ են` և՛ հուշարձանների հետ կապված, և՛ ներդրողների: Տարբեր շահերի համադրման խնդիր կա, օրինակ` նույն շուկան շատ վատ շինարարական վիճակում էր` սեյսմիկ վիճակը, կոնստրուկտիվ ամրությունը և այլն: Այն մասնավոր օբյեկտ է, պետությունը վստահորեն չի կարող նախատեսել և բոլոր հուշարձանների համար գումար տրամադրել, մենք այդքան հարուստ չենք»: