«Քաղաքային իշխանություններն անտեսում են հաշմանդամության հարցերը»
Երևանում բնակվող հաշմանդամություն ունեցող 60.000 քաղաքացիների խնդիրներն այսօր դեռ լուծված չեն։ Հրատապ հարցերից մեկը տրանսպորտի մատչելիությունն է։
«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի» անդամներն այսօր ևս մեկ անգամ բարձրացրին այս հարցը։
Այս տարի տեսանելի փոփոխություններից թերևս որոշ մայթերի մոտ կառուցված ավելի ճիշտ թեքահարթակներն են։ Դրանից զատ, ոչ մի փոփոխություն չի կատարվել։ Քաղաքային իշխանավորները կարող են ներկա գտնվել մանկապարտեզների, դպրոցների բացման արարողությանը, բայց միևնույն ժամանակ չեն մտածում հաշմանդամների մասին, որ նրանք էլ պետք է մանկապարտեզ կամ դպրոց հաճախեն։ Չմոռանանք, որ կրթական համակարգը որդեգրել է ներառական կրթության քաղաքականություն. նշում են բանախոսները։
«Անգամ նոր հյուրանոցներ, խանութներ կառուցելիս հաշվի չեն առնում մատչելիության խնդիրները։ Չնայած տարվող լայնածավալ զարգացման ծրագրերին, որ ուղղված են մայրաքաղաքի զարգացմանը, հաշմանդամություն ունեցող մարդիկ դուրս են մնում կյանքի բոլոր ոլորտներից։ Որևէ բան, որը կփոխի հաշմանդամություն ունեցող մարդկանց, նրանց կյանքի որակը, չի արվել։ Այս տարի որևէ առաջընթաց չի արվել մայրաքաղաքում»,-նշեց «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի» անդամ Զարուհի Բաթոյանը։
«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի» անդամները վստահ են, որ ցանկության դեպքում քաղաքային իշխանությունները կարող են թե հանրային տրանսպորտը, թե հանրակրթական օջախները հարմարեցնել հաշմանդամներին։
«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի» անդամ Սուրեն Օհանյանն էլ հավելեց, որ խնդիրը նաև գիտակցության մեջ է, որ մեր իշխանավորները չունեն այն գիտակցությունը, որ հաշմանդամություն ունեցող մարդը նույնպես մարդ է և ապրելու իրավունք ունի։
Ի դեպ, Ս. Օհանյանը տեղեկացրեց, որ 1 մետր երկարությամբ եւ 12 սմ բարձրությամբ 1 թեքահարթակ կառուցելն արժե մինչեւ 40 հազար դրամ։