«Գազի թանկացման մեղավորը Ռոբերտ Նազարյանն է» (տեսանյութ)
Արժանապատիվ քաղաքացին միշտ էլ կհասնի արդյունքի, իսկ անարժանապատիվը՝ սուս-փուս կկատարի այս իշխանությունների կամայականությունները։ Այսօր կառավարության շենքի դիմաց հայտարարեց «Կանխենք գազի գնի բարձրացումը» նախաձեռնության անդամ Արգիշտի Կիվիրյանը։
Նրա խոսքերով, եթե Հայաստանի քաղաքացիները չպայքարեն իրենց իրավունքների համար, ապա ոչ մեկը իրենց փոխարեն դա չի անի. «Միմիայն Հայաստանի քաղաքացին կարող է լուծել իր առջեւ դրված խնդիրները եւ հասնել մի իրավիճակի, որ ինքն իրեն զգա արժանապատիվ, այլ ոչ թե իրեն զգա ընդամենը բնակիչ, որին պարտադրում են այս կամ այն ապօրինի որոշումը»։
Բնապահպան, քաղաքացիական ակտիվիստ Սիլվա Ադամյանն էլ նշեց, որ չկա պատասխան, թե որտեղից է գոյանում գազի սակագինը, ի՞նչ հիմքով եւ ի՞նչ պայմանագրով. «Հայաստանի կառավարությունը ոչ միայն չի տալիս այս հարցի պատասխանը, այլև ամեն կերպ փորձում է մոլորեցնել»։
Ակտիվիստները հիշեցնում են, որ միայն քաղաքացիների պայքարից է կախված, թե մենք ինչպիսի կյանք կունենանք։
«Հասարակական պաշտպանների միություն» ՀԿ նախագահ Արամ Գրիգորյանն էլ նշում է, որ այս հարցում գլխավոր մեղավորը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է եւ նրա նախագահ Ռոբերտ Նազարյանը։
«Եվ թող չասեն, որ իրեն ստիպել են եւ այլն եւ այլն, եթե ստիպել են, թող դուրս գա շենքից եւ գնա իրենց տուն»,- նշեց նա։
Ի դեպ, ակցիայի պահին գրող Զորի Բալայանը ցանկանում էր մտնել կառավարության շենք, սակայն ակտիվիստները կանգնեցրին նրա եւ հորդորեցին միանալ իրենց, սակայն Զորի Բալայանը ակտիվիստներին խորհուրդ տվեց պայքարը շարունակել մինչեւ վերջ, քանի որ դա արվում է ժողովրդի համար։ «Դու ոնց ես պատկերացնում՝ ես ունեմ 6 թոռնիկ, եւ գինը ավելացնում են գազի, ո՞նց պետք է լինի»,- արձագանքեց Զորի Բալայանը։
Այնուհետեւ ակտիվիստները երթով շարժվեցին դեպի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենք՝ իրենց պահանջները ներկայացնելու։