«Մեզ հերոսներ են պետք»
ԵՊՀ Միջազգային ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի երկրորդ կուրսի ուսանողներ Հովսեփ Բաբայանը և Նվեր Կիրակոսյանն այսօր նախաձեռնել էին ՀՀ ազգային հերոսների մասին միջոցառում:
Առաջին և երկրորդ կուրսի ուսանողները ներկայացրեցին մեր 15 ազգային հերոսներին` նախանշելով հերոս դառնալու ուղիները: «Առանց անցյալն իմանալու, առանց մեր հերոսներին ճանաչելու մենք չենք կարող առաջ գնալ, մենք չենք կարող ապագան հերոսացնել»,- նշեց Հովսեփը:
Միջոցառմանը հրավիրված էր նաև տիկին Իրինան` ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կինը. «Մեծ ոգևորությամբ էին պատրաստվել, սիրտս թրթռում էր ամեն անգամ, երբ 17-18 տարեկան պատանիները, ներկայացնելով հերոսներին, արտասանում էին՝ «ես ազգային հերոս եմ, ես հպարտ եմ» նախադասությունը: Համոզված եմ՝ ներկա ուսանողները հեռացան՝ մեր հերոսներից մի մասնիկ տանելով իրենց հետ»,- նշեց նա:
Տիկին Իրինային հատկապես ոգևորել էին աղջիկները. «Վստահ եմ, որ նրանք հերոսներ են ծնելու»:
Միջոցառումը ուղեկցվում էր ազգային հերոս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի նվագախմբի կատարումներով: