Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես այս պետությանը չեմ վստահում» (տեսանյութ)

Հասարակություն
475a44226d7205a38f8fce474c41faa5

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի Միլիցիայի դաշտ կոչվող նոր թաղամասում կոյուղատարին փոխարինում են փոսերը:

Համայնքի բնակիչ 79-ամյա Գեորգի Հակոբյանը կարծում է. «Եթե մի նասոս դնեն, ապա կանալիզացիան անպայման կստացվի: Եկել են, այդ հարցը բարձրացրել են ու ասել են, որ պետք է քաշեն ու դեռ ոչինչ չի արվել»:

Աշոտ Պապիկյանը ներկայացնում է իրավիճակը. «Հոր ենք փորում, փոս ենք փորում, այդպես յոլա ենք գնում: Գյուղապետը խոստացել է, որ մոտ ժամանակներում միգուցե աջակցի, որ կոյուղին սարքվի»:

Միլիցիայի դաշտ կոչվող նոր թաղամասն ունի 300 տնտեսություն: Այստեղ ապրում են ՀՀ տարբեր գյուղերից ու քաղաքներից եկած եւ նույնիսկ Ադրբեջանից 1988թ. արտագաղթած մարդիկ: 79-ամյա Գեորգի Հակոբյանը 1988թ. արտագաղթել է Ադրբեջանի Շամախի գավառից, եղել է Ադրբեջանի գերագույն սովետի դեպուտատ, այժմ` այգեգործ է:

Բացի կոյուղատարների խնդրից, նրան մտահոգում է նաեւ, թե ինչպես է կարողանալու թե այս, թե հետագա տարիներին վաճառելու իր բերքը: Այդ պատճառով Գեորգի Հակոբյանին ձեռնտու է Մաքսային միությանը միանալը. «ՌԴ վարչապետն ասաց, որ կարող է երկաթգծի ճանապարհների մեջ փոփոխություններ լինեն, ու ժողովուրդը հանգիստ կարող է իր բերքն արտահանի Օսեթիա, ուրիշ երկներ»:

Վաղարշակ Գալոյանը մոտ 30 տարի է` բնակվում է Նոր Գեղիում: Նա այստեղ է եկել Թալինի շրջանի Կաթնաղբյուր գյուղից` ամուսնությունից հետո, երբ որպես ավագ եղբայրը ստիպված էր առանձնանալ: Այժմ զբաղվում է անասնապահությամբ, ավելին` գյուղի նախրապանն է: Նրա երազանքն է, որպեսզի ՄՄ-ն լինի ճիշտ Խորհրդային միության նման: Դրա համար նա իր պատճառներն ունի. «Էն ժամանակ ո՞վ էր մտնում խանութ ու նիսիա պապիրոզ վերցնում, կամ հաց պարտքով վերցնում, պարտքեր կուտակում իր գլխին, ոչ մեկը»:

Աշոտ Պապիկյանը 2 տարի առաջ Նոր Գեղի է եկել` վաճառելով Աբովյան քաղաքի իր բնակարանը: Չի զղջում դրա համար, ասում է` այստեղ ավելի ազատ է իրեն զգում, միակ խնդիրը բարեկեցիկ կյանքի ապահովումն է: Այս նպատակին հասնելու համար ՄՄ մտնելը կնպաստի, թե ոչ, դա, ինչպես ինքն է ասում, քաղաքական գործիչների խնդիրն է. «Դուք երեւի տեսած կլինեք «Նվագախմբի տղաները», ասում է` մուզիկանտը չի զբաղվում պոլիտիկայով: Մենք էլ գյուղացի մարդիկ ենք, մենք պոլիտիկայով չենք զբաղվում»:

Նա միայն մեկ բան հաստատ գիտի` որպես Արցախյան պատերազմում կռված զինվոր, որը որեւէ աջակցություն առ այսօր չի ստացել, արդեն կորցրել է հավատը իշխանությունների ու նրանց կայացրած որոշումների նկատմամբ. «Ես այս պետությանը չեմ վստահում` ոչ ղեկավարությանը Սերժ Սարգսյանի, ոչ էլ մյուսների: այսօրվա նստածները, որոնք իշխանության են, նրանք միայն գրպանում են»: