Ս.Սարգսյանի խոստումը կվիճարկվի դատարանում (տեսանյութ)
Այսօր «Մեդիա կենտրոնում»-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան, Արթուր Սաքունցը նշեց, որ առ այսօր Սերժ Սարգսյանի կողմից ոչ մի հիմնավորում չի եղել, թե ինչու նա որոշեց միանալ Մաքսային միությանը.
«Մինչև հիմա Սերժ Սարգսյանի կողմից որևէ պարզաբանում չի եղել, թե ինչու համար մեկ ժամվա մեջ որոշեց, որ Հայաստանը գնալու է Մաքսային միություն, սա միանձնյա, ոչ ժողովրդավարական որոշում է: Մենք ունենք չափանիշ, որը Սահմանադրությունն է և որից շատ հեռու ենք, ցավոք սրտի:
Կարող է պետության գլուխը ընդունի որոշում կամ նախագիծ, որը հակասում է Սահմանադրության սկզբունքներին, և իրավական պետությունը, հանձինս իր քաղաքացիների, քաղաքական մեծամասնության թելադրանքը չկարողանա վիճարկել: Սա շատ նման է ֆաշիստական Գերմանիայի վիճակին»: Նա նաև տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են դատական կարգով վիճարկել Սերժ Սարգսյանի որոշումը. «Սահմանադրության ժողովրդավարության սկզբունքներն են խախտվել»:
Ի պատասխան սահմանադրագետ Արմեն Մազմանյանը նշեց. «ՍԴ-ում վիճարկվում են միայն իրավական ակտեր, ոչ թե հայտարարություններ և գործողություններ: Պետք է կողնորոշվեք, թե ինչ եք վիճարկում»:
«Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագահ, իրավաբան Արտակ Զեյնալյանը նշեց, որ ինքը անձամբ դեմ է Մաքսային միությանը միանալուն. «Սերժ Սարգսյանի որոշմամբ խախտվել է հրապարակայնության սկզբունքը, ի վերջո Սերժ Սարգսյանի հայտարարությունը չի, որ դառնալու է գործընթացի սկիզբ, այլ ԱԺ-ի համապատասխան փաստաթղթի մշակումը: Բացի այդ, Սերժ Սարգսյանի կողմից սկսված կուրսը կտրուկ փոփոխելը հակասում է ժողովրդավարության, իրավական պետության սկզբունքներին: Դրա շուրջ բանավեճ չկար՝ լա՞վ է, որ ՀՀ-ն միանա ՄՄ-ին, թե՞ վատ է »: