«Երեւանը Սիթի չէ» (տեսանյութ)
«Երևանը Սիթի չէ». Ծածկած շուկան հայտնվել է իրավական վակուումի մեջ»,- Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամ, նախախորհրդարանի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը։
Նրա խոսքերով՝ Դատախազությունը քրգործ չի հարուցում, կադաստրի թույլտվություն չկա, և ստեղծվել է բացառիկ իրավիճակ, մեր պատկան մարմիններն ուզում են այնպիսի տպավորություն ստեղծել, որ սղալով կարող են առաջ գնալ, չկա այդպիսի բան.«Էստեղ ոչ միայն ՀՀ օրենքներն են խախտվում, այլև միջազգային կոնվենցիաները, որոնք Հայաստանը ստորագրել է հուշարձանների պաշտպանության համար»։
Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանն էլ նշեց, որ փորձեր են արվել կազմակերպել հանդիպումներ ոչ ֆորմալ քննարկումների համար. «Մենք պատրաստ ենք, սակայն այս քննարկումները պետք է լինեն բաց, հրապարակային և պատկան մարմիների ներկայությամբ»։
Նա նաև անդրադարձավ կառուցապատողների՝ բանավեճ կազմակերպելու առաջարկին. «Մենք ընդունում ենք բանավեճի հրավերը՝ շինարարության օրինական լինել-չլինելու հետ կապված։Բանավեճը պետք է լինի հրապարակային, պատկան մարմինների ներկայությամբ և որևէ հեռուստաընկերության եթերում»։
Բանախոսները հայտարարեցին նաև, որ եթե Սամվել Ալեքսանյանը ներկայանա, որ ինքը կառուցապատողն է, իրենք կնստեն ու նրա հետ կքննարկեն հարցը։ «Բայց Սամվել Ալեքսանյանը երբեք չի ասել, որ ինքն է կառուցապատողը, եթե ընդունի՝ մենք պատրաստ ենք։Մենք միշտ հայտարարել ենք, որ պատրաստ ենք քննարկում անել կառուցապատողի հետ, հիմա դա կլինի Սամվել Ալեքսանյանը, թե ուրիշը՝ կապ չունի, մենք պատրաստ ենք»։
Նախաձեռնության անդամ, իրավաբան Վարուժան Ավետիսյանն էլ ընդգծեց, որ քննարկման եկող սուբյեկտը պետք է ուղիղ ձևով ներկայացնի կառուցապատողին, սեփականատիրոջը. «Իրավապահ մարմիները, ի դեմս դատախազության և ոստիկանության, հայտարարում են, որ պիտի հուշարձանը դիտավորությամբ վնասված լիներ, որ քրգործ հարուցվեր։ Դա ակնհայտ կեղծիք է»։
Վերջում բանախոսները հայտարարեցին, որ իրենք հասնելու ենք իրենց նպատակին։ «Ծածկած շուկայի համար պայքարի այս ամբողջ գործընթացը նոր չի սկսվել։ Հենց սկզբից տարբեր մասնագետներ պայքարել են հուշարձանի համար։ Կան պայքարի տարբեր ձևեր, կան դատական պրոցեսները, որոնք սկսվել են, կլինեն միջազգային նոր գործողություններ, իսկ քաղաքացիական ակտիվն իր ողջ զինանոցը կօգտագործի»,-ասաց պարոն Չուգասզյանը:
Նախատեսվում է գործին խառնել նաեւ միջազգային ու սփյուռքահայ ճարտարապետներին, կազմակերպել ստորագրահավաք։