«Բազմազավակները մեր երկրում անտեսված են»
Ժամանակին լավագույն մաղթանքը համարվող «7 որդով սեղան նստես» օրհնությունն այսօր երիտասարդների համար որպես սպառնալիք է հնչում: Համատարած գործազրկության, ցածր աշխատավարձերի, օր օրի բարձրացող գների պայմաններում անգամ 1 երեխա լույս աշխարհ բերելու հեռանակարը երիտասարդ ծնողների համար մեծ հոգս է թվում:
Երիտասարդ ընտանիքները չեն ցանկանում մտածել անգամ 2-րդ զավակի, էլ ուր մնաց՝ բազմազավակության մասին: Առավել ևս, որ այսօր մեր երկրում բազմազավակը շատ չնչին արտոնություն ունի. Օրինակ՝ կարող է անվճար երթեւեկել ներքաղաքային ավտոբուսներով։ Մնացյալը, որպես անապահով ընտանիքի, տրվող փոքրիկ նպաստներն են։
Ժողովրդագրական տվյալներն աղետալի են:
Բնակչության բնական վերարտադրողականության համար ծնելիության գործակիցը պետք է լինի առնվազն 2,1, այսինքն` 3-4 երեխա յուրաքանչյուր ընտանիքում: Այնինչ Հայաստանում այսօր ծնելիության գործակիցը 1,5 է, այսինքն` յուրաքանչյուր կին ունենում է ընդամենը 1-2 երեխա:
Ըստ ՄԱԿ-ի ժողովրդագրական տվյալների, այս ցուցանիշի պահպանման դեպքում Հայաստանի բնակչությունը մինչև 2025 թ. կնվազի 25%-ով, միևնույն ժամանակ Ադրբեջանի բնակչությունը կաճի 31%-ով, իսկ Թուրքիայինը` 43% -ով:
Իսկ հիսուն տարի հետո Հայաստանի բնակչությունը կկրճատվի կիսով չափ:
«Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Հովսեփյանը, լինելով հինգ որդու մայր, սեփական մաշկի վրա է զգացել բազմազավակ լինելու բոլոր դժվարությունները և հասկացել, որ բազմազավակ մայրն այսօր մեր հասարակության մեջ անպաշտպան է և միայնակ իր խնդիրների հետ:
«Ներկայումս երկու կամ վեց երեխա ունեցող ընտանիքները որևէ չափանիշով չեն տարբերակվում ու պետության համար ունեն միևնույն իրավունքներն ու նշանակությունը»,-անհանգստանում է Մարգարիտա Հովսեփյանը` փաստելով, որ
անկախացումից հետո ՀՀ օրենսդրության մեջ առհասարակ բացակայում է բազմազավակ ընտանիքի վերաբերյալ բնորոշումը, կարգավիճակը և սահմանումը:
«Այսօր բազմազավակ լինելը հասարակության մեջ ասոցացվում է աղքատության, տգիտության, չքավորության հետ: Բազմազավակ մայրը հարգանքի չի արժանանում ոչ պետական մարմինների և ոչ էլ հասարակության կողմից» ,-սրտնեղում է բազմազավակների իրավունքների պաշտպանը` հավելելով, որ պետք է քայլեր ձեռնարկել` փոխելու հասարակության վերաբերմունքը բազմազավակի նկատմամբ և դրան պետք է հասնել հենց բազմազավակ ծնողների և նրանց երեխաների ինքնազարգացման միջոցով:
«Առաջին հերթին պետք է փոխել կարիքի մեջ գտնվող բազմազավակների մտածելակերպը:
Մարդիկ ոչ թե պետք է անդադար դրամական կամ պարենային օգնություն ակնկալեն պետության ու բարերարների կողմից, այլ պետք է օգտվեն որևէ արհեստ կամ մասնագիտություն սովորելու անվճար հնարավորությունից, այնուհետ նրանց կարելի է տրամադրել համապատասխան գործիքներ, որպեսզի կարողանան աշխատել ու այդպես վաստակել սեփական հացը»,-շեշտում է տիկին Մարգարիտան` հավելելով, որ ներկայումս կազմակերպությունը համագործակցում է մի գեղեցկության սրահի հետ, որտեղ վարսահարդարման արհեստ են սովորում բազմազավակ ընտանիքների 4 երեխաներ:
«Ի սկզբանե նախատեսված էր, որ բազմազավակ ծնողները նույնպես օգտվեն նոր մասնագիտություն ձեռք բերելու հնարավորությունից, բայց փորձը ցույց է տալիս, որ նրանց մեծ մասը համարում է, թե շատ երեխա ունենալով`ավարտել է իր առաքելությունը և հիմա կարող է ոչինչ չանել, իսկ պետությունը պարտավոր է նրան ապահովել բնակարանով,ավտոմեքենայով ու ապրուստի միջոցներով»,-ցավով նշում է 5 տղայի մայր, մասնագիտությամբ իրավաբան Մարգարիտա Հովսեփյանն, ով միայնակ է մեծացրել 5 որդիներին, հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ ու սեփական օրինակով հասկացել, որ ցանկության դեպքում կարելի է լուծել ոչ միայն սեփական խնդիրները , այլ նաև օգնել մյուս բախտակիցներին։
Ըստ Մարգարիտա Հովսեփյանի` շուրջ երեք տարի գործող հասարակական կազմակերպությունը չի ստացել որևէ ֆինանսական աջակցություն և բոլոր ծախսերը հոգացել է ինքը:
«Այսօր պետությունը փորձում է բազմազավակությունը խրախուսել` երրորդ և ավելի երեխայի համար միանվագ նպաստով, սակայն սա շահագրգռում է հենց անապահով խավի բազմազավակ ծնողներին, ովքեր, ցավալի է, բայց երեխա են ունենում նշված նպաստը ստանալու համար, եւ ոչ միշտ է գումարը ծախսվում երեխայի կարիքների համար: Կան ծնողներ, ովքեր թե միանվագ եւ թե անապահովության նպաստները վատնում են ոգելից խմիչքի վրա` երեխաներին մատնելով սովի:
Նման պայմաններում ապրած երեխան մեծանում է խեղված հոգեբանությամբ, հասարակությունից օտարված և հաճախ չարացած: Այս երեխաները չեն կարող պետության համար պիտանի ու արժանի քաղաքացի դառնալ: Մեծանալով` նրանք հաճախ համալրում են հանցագործների շարքերը»,- շեշտում է բազմազավակների իրավունքների պաշտպանը և կրկնում, որ անապահով բազմազավակ ընտանիքների երեխաներին պետք է հանել մուրացիկի, օգնություն խնդրողի հոգեվիճակից ու ներշնչել, որ կարող է լինել լիարժեք քաղաքացի, լավ մասնագետ ու գումար վաստակել սեփական աշխատանքով:
5 որդիների մայրը կարևոր է համարում բազմազավակության խթանումը կրթված, զարգացած ծնողների շրջանում` այս հարցում կարևորելով պետական աջակցության շարունակական ծրագրի և լրատվամիջոցների դերը: Ըստ նրա` լրատվամիջոցները պետք է հաճախ անդրադառնան բազմազավակության դրական կողմերին, ներկայացնեն բազմազավակ երջանիկ ընտանիքների օրինակներ` հասարակության մեջ արմատացած կարծրատիպը փոխելու համար:
«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր երեխայի ծնունդով ընտանիքի սոցիալական վիճակն ավելի է վատանում, հետևաբար գիտակից ծնողները պետք է պետության կողմից շարունակական աջակցություն ստանալու հստակ երաշխիքներ ունենան»,- ասում է Մարգարիտա Հովսեփյանը, ում համառության շնորհիվ
«Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» հ/կ-ն ընդգրկվել է ՀՀ վարչապետի հանձնարարականով ստեղծված ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովում:
«Ինքնազարգացման կենտրոն» հիմնելու նախագիծը տիկին Մարգարիտան դեռ չի ներկայացրել հանձնաժողովին, բայց հույս ունի, որ եթե ոչ ամբողջությամբ, գոնե մասնակիորեն կընդունվի: