Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մերժված նամակներին հնչեղություն կտրվի

Հասարակություն
4cc6e5f22bb916ee73e861f033141a43

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Մեր ձայնը» նախաձեռնության ղեկավար Հայկ Մութաֆյանը տեղեկացրեց, որ իրենք մտադիր են ստեղծել մի համակարգ, որի շնորհիվ տարբեր գերատեսչություններին և պետական մյուս կառույցներին դիմած ու անպատասխան մնացած քաղաքացիների խնդիրներին կտրվի հասարակական հնչեղության ու փորձ կարվի դրանք լուծել։

«Մենք ուզում ենք հանրային հնչեղության արժանացնել քաղաքացիների բոլոր այն դիմումները, որոնք ուղարկվել են պաշտոնատար անձանց ու չեն ստացել լուծում: Այս պարագայում քաղաքացիները դիմում են նախագահին, բայց նախագահականը, որպես ինստիտուտ կոչված չէ այդ խնդիրները լուծել, այնպես որ դրանք մնում են անարձագանք,- նշեց Հայկ Մութաֆյանը։ -Այսօր չկա որևէ քաղաքացիական-հասարակական ուժ, որը պատասխանատվության կկանչի որևէ նախարարի և կպահանջի նրա հրաժարականը: Ժողովուրդը տասնյակ օրերով նախարարությունների դիմաց կանգնած՝ չի կարողանում հարց լուծել»:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց սեփական հետազոտությունների արդյունքները, ըստ որոնց՝ «Պետական մարմիններին դիմած քաղաքացիներին 40 տոկոսին անհիմն մերժել են, իսկ 20 տոկոսի խնդրին տրվել է դրական լուծում, մյուս մասին դարձրել են քաշքշուկների առարկա, որի արդյունքում նրանք հիասթափվել են: Դա նշանակում է, որ մեզ մոտ արդարության մթնոլորտ չկա, հավատ չկա իշխանավորների հանդեպ»: Նա նաև տեղեկացրեց. «Ակումբի նման մի բան կլինի, մենք կհրավիրենք մասնագետների, կքննարկենք նամակներ, որոնք հերքվել են և դրանց կտանք հասարակական հնչեղություն»:

Հանդիպմանը մասնակցում էր նաև տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, ով հիշեցրեց, որ տվյալ գործառույթն իրականացնելու համար գործում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը. «Խնդիրը այն է, որ բացի բացությունից և փակությունից, գոյություն ունի նաև բյուրոկրատական սկզբունք: Տարբեր համակարգեր տարբեր աստիճանի թափանցիկությամբ են աշխատում»,- նշեց մասնագետը: