«Օրենքն արդեն ավելորդ է»
Նալբանդյան, Պուշկին, Աբովյան փողոցներով եւ Սախարովի հրապարակով պարփակված տարածքների բնակիչներն ու սեփականատերերը ծանուցագրեր են ստացել: Կառավարության որոշմամբ` այս եւ Երեւանի փոքր Կենտրոնի մի շարք այլ տարածքներ կճանաչվեն հանրային գերակա շահ եւ ենթակա են քանդման:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը «Ա1+»-ի հետ զրույցում նկատեց` եթե Կենտրոնը հիմա շատ արագ կառուցապատում են եւ բոլոր ներդրողներին բերում են այստեղ, ապա արվարձաններն անուշադրության են մատնվում ու ներդրողների համար անհրապույր են դառնում. «Ներդրողը չի մտածում` մի քիչ հեռվանա ու արվարձանի ավելի մեծ հատվածում կառուցապատում անի: Մեր կառավարությունը դեռ այն ժամանակ պետք է քաղաքական կամք ունենար եւ արվարձաններում կառուցապատում անողների համար լրացուցիչ ինչ-որ մեղմացնող հարկեր սահմաներ` նրանց շահագրգռելու համար»:
Պարոն Մինասյանը հիշեցրեց, որ իրենք` ճարտարապետները, դեռ 2-3 տարի առաջ հանդիպել էին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ եւ զգուշացրել, որ Երեւանի փոքր Կենտրոնում նման արագ տեմպերով կառուցապատումը վերջնականապես կաղավաղի մայրաքաղաքի տեսքը: Իրավիճակը փոխելու նպատակով` վարչապետը հանձնարարություններ էր տվել ստեղծել «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգը:
Արդեն այս տարվա մարտի 7-ին գործադիրը հավանություն տվեց Քաղաքաշինության նախարարության ներկայացրած հայեցակարգին: Նախարարությունը խոստացել էր 6 ամսվա ընթացքում հայեցակարգը վերածել օրենքի: Նշենք, որ հայեցակարգում ամրագրված էր, որ խստացվելու է Կենտրոնի կառուցապատումը:
Անցել է 6 ամիս, սակայն օրենքի փոխարեն Կառավարությունը օգոստոսի 29-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով հավանություն տվեց Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող Պուշկինի, Տերյան, Եզնիկ Կողբացու եւ Հին Երևանցու փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ: Ավելին` Նալբանդյան, Պուշկինի, Աբովյան փողոցներով եւ Սախարովի հրապարակով պարփակված տարածքներում հաստատել քաղաքաշինական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:
Ի դեպ, անհատական բնակելի շենքերի ընտրանքային հետազոտության իրականացման նպատակով կառավարությունը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հատկացրեց 5.5 մլն դրամ:
Մկրտիչ Մինասյանը տեղեկացված է այս ամենի մասին. «Այն ժամանակ, երբ օրենքն ու հայեցակարգը մշակվում էր, փոքր Կենտրոնում շարունակվում էին բոլոր տիպի շինարարական եւ նախագծային աշխատանքները: Մենք վարչապետին ասացինք` եթե դրանք չսառեցվեն, ուրեմն այս օրենքը նշանակություն չի ունենա, քանի որ կան նախագծեր, որոնք պետք է ավարտին հասցվեն, կա ներդրող, որը պետք է կառուցի ինչ-որ հատված: Այդ դեպքում օրենքը մի տեսակ ավելորդ է դառնում, քանի որ քաղաքը գնալով կառուցապատվում է»: