«Գրին քարտ»-ի համար այս տարի ավելի շատ են դիմել (տեսանյութ)
22-ամյա ջազ երգիչ Դավիթ Երանյանն իր ապագան տեսնում է ԱՄՆ-ում: Նախորդ տարի նա մասնակցել է «Գրին քարտ»-ի խաղարկությանը և հաղթողների շարքում հայտնվել: Նա միառժամանակ խոստովանում է ՝ երկիրը լքելն այնքան էլ հեշտ չէ. «Շատ հաճախ ինձ շնորհավորում են, թեև չգիտեմ՝ ինչու, գուցե և ճիշտը մնալն է, չգնալը»:
Որքան էլ Դավիթը մտորումների մեջ է, սակայն իրեն չի զրկի ԱՄՆ-ում կրթություն ստանալու հնարավորությունից: Այս պահին նա սովորում է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ջազ վոկալ բաժնում. «Ցավոք սրտի, կոնսերվատորիայում սովորելն ու ավարտելը չեմ կարծում, որ կայանալ է», -ասում է Դավիթ Երանյանը:
«Ի տարբերություն Դավիթի` մեր բնակչության մի ստվար զանգվածն առանց վարանելու պատրաստ է ապրել ԱՄՆ-ում»,- վստահեցնում է «greencard.am» նախագծի համակարգող Հռիփսիմե Հակոբյանը: Գործակալությունը վճարովի ծառայություն է մատուցում Հայաստանի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են մասնակցել «Գրին քարտ»-ի խաղարկությանը: Նախորդ տարիների համեմատ` այս տարի, միայն այս գործակալության տվյալներով, դիմողների թիվն աճել է 15-20 տոկոսով:
Իսկ ովքե՞ր են հիմնականում դիմում ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու համար։ Հռիփսիմեն պատասխանում է. «Բոլոր տարիքային խմբերն էլ հնարավորություն ունեն մասնակցելու, սակայն գերակշռող մասը 25-30 տարեկան անձինք են»:
Խաղարկությանը մասնակցելու համար քաղաքացին գործակալությանը վճարում է 4000 դրամ: Սակայն հաղթելու դեպքում գումարներ են անհրաժեշտ նոտարական ծախսերի, դեսպանատան, բժշկական ապահովագրության, իսկ հետագայում նաև՝ ԱՄՆ-ում նախնական բնակության համար: Հռիփսիմե Հակոբյանն ասում է, որ թեև ծախսերը բավական մեծ են, սակայն մեր քաղաքացիների ակտիվությունը գնալով աճում է, քանի որ, ըստ իր տեղեկությունների, «Գրին քարտ»-ի խաղարկությունն այս տարի ամբողջ աշխարհում վերջին անգամ է լինելու։
Ըստ պետդեպարտամենտի կայքի պաշտոնական տվյալների՝ այս տարի «Գրին քարտ»-ի խաղարկության մասնակցության համար Հայաստանից դիմել է 42.131 մարդ, ԱՄՆ մշտական բնակության իրավունք ստացել է 1174-ը: