Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժողովուրդ» օրաթերթը հաղթել է գործարարին

Հասարակություն
8cc28025d1e3d99883d2e15a7abfdee1

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, հոկտեմբերի 14-ին մերժել է «X-գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի ներկայացրած հայցը՝ ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի եւ թղթակից Սոնա Գրիգորյանի:


«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության տրամադրած հաղորդագրության համաձայն՝ «X գրուպ»-ի նախագահ, «Ջրաշխարհ»-ի սեփականատեր, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի ղեկավար, «Վալենսիա» ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանին գործարարը վիրավորվել էր թերթի այն հրապարակումից, որտեղ ասվում էր, թե «Խաչատրյանին պատկանող ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ է իրացրել հայկական շուկայում»։


Հաղորդագրությունում ասվում է. ««Ձվերի Խաչիկ» մականունով հայտնի գործարար Խաչիկ Խաչատրյանը խորհրդակցելով իրավաբանների հետ, որոշել էր վիրավորվել այս տեղեկությունից, համարել, որ այն զրպարտանք է, արատավորում է իր բարի համբավը եւ դիմել էր դատարան՝ օրաթերթից պահանջելով 3 մլն դրամի փոխհատուցում: Դատավոր Ափինյանն էլ 9 ամիս տեւած դատաքննությունից հետո վճռել է մերժել Խաչատրյանի ներկայացրած հայցն ամբողջությամբ՝ այն համարելով անհիմն:
Ասել է թե՝ դատավորը գնահատել է «Ժողովուրդ» օրաթերթի կողմից ցուցաբերված լրագրողական բարեխղճությունը, համոզվել, որ օրաթերթը ներկայացրել է օբյեկտիվ տեղեկություն՝ մատուցելով երկկողմանի կարծիք: Իսկ ամենակարեւորը՝ կայացրած վճռով, ըստ էության, Ափինյանն արձանագրել է նաեւ այն իրողությունը, որ «Ժողովուրդ» օրաթերթը ճշմարտությունն էր հրապարակել՝ գրելով, որ Խ. Խաչատրյանը վաճառել էր ժամկետանց ձու: Այսքանից հետո տրամաբանական է, որ մյուս բոլոր դատական հայցերը, որոնք Խաչատրյանը ներկայացրել է «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, պետք է մերժվեն, քանի որ սա համարվում էր օրաթերթի եւ գործարարի միջեւ առկա վեճի առարկան:
Հիշեցնենք, որ այս օրերին նույն դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի վարույթում է գտնվում նույն Խաչիկ Խաչատրյանի կողմից ներկայացված մեկ այլ հայց՝ դարձյալ ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Այն առավել զավեշտալի «հիմքեր» ունի, քանի որ Խաչատրյանը համ վիրավորել է «Ժողովուրդ»-ի լրագրողին՝ իրեն ուղղված հարցին (արդյոք դուք հարկային մարմինների հետ խնդիր ունե՞ք) ի պատասխան ասելով՝ «ազիզ ջան դե գրի, որ դու պրաստիտուտկա ես», համ էլ հակազդեցություն ստանալուց հետո դիմել դատարան՝ օրաթերթից այս անգամ էլ 3 մլն 200 հազար դրամ փոխհատուցում պահանջելով:


Մենք հույս ունենք, որ գործարարների ու պաշտոնյաների կողմից լրատվամիջոցների դեմ ներկայացրած եւ ներկայացվելիք ակնհայտ անհիմն դատական հայցերն այսուհետ կունենան այսպիսի հանգուցալուծում, եւ դատավորները կկանգնեն արդարության կողքին»:
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն