«ՌԴ ազգայնական շարժումները նաեւ լավ կողմ ունեն»
«Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Զորի Բալայանի նամակը չի կարող գործոն դառնալ հայ-ռուսական հարաբերություններում։ Դրանք պայմանավորված են շատ ավելի լուրջ եւ շատ ավելի կարեւոր հանգամանքներով` սկսած ռազմաքաղաքական, տնտեսական համագործակցությունից, ընդհանուր աշխարհաքաղաքական զարգացումներից տարածաշրջանում եւ այլն։
Կարծում եմ, որ նամակի հնչեղությունը պայմանավորված է բացառապես այնտեղ արծարծված մտքերի հակասությամբ»,- համոզված է քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը։
Նրա համար մինչեւ վերջին պահը հասկանալի չէր, թե սա ինչ նախաձեռնություն էր. «Պարզապես անգործ էր մնացել, որոշել էր պատմություն ուսումնասիրել եւ վերջում նամակ ստացվեց։ Ես տարբեր կարծիքներ եմ լսել, անգամ այն, որ Պուտինն է գրել նամակը եւ հետո Զորի Բալայանին խնդրել ստորագրել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետը։
Դիտելով Զորի Բալայանի երեկվա հարցազրույցը` քաղաքագետ Մելիք-Շահնազարյանը տպավորություն է ստացել, որ նրա նպատակն, այնուամենայնիվ, Ղարաբաղը եւ Հայաստանը Ռուսաստանին հանձնելը չէ, այլ Ղարաբաղի հայկականությունը Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի մեջ տեղավորելը։
Անդրադառնալով Ռուսաստանում գլուխ բարձրացրած ազգայնական շարժումներին՝ պարոն Մելիք- Շահնազարյանը նշեց, որ ինչպես ցանկացած երեւույթ, այնպես էլ այս ազգայնական բարդացումը երկու ծայր ունի՝ լավ եւ վատ առումներով։
«Վատը, իհարկե, մեր հայրենակիցների անվտանգությունն է, իսկ լավը` հայրենադարձության հնարավորությունը, որ ստեղծվում է այս իրավիճակում, չնայած միշտ դեմ եմ եղել, որ ուրիշ տեղ ավելի լուրջ խնդիրներ ստեղծելու միջոցով կազմակերպել հայրենադարձություն։ Բոլոր դեպքերում, հայրենասիրության պակասից չէ, որ գնացել են՝ այլ սոցիալական խնդիրներից»,-ավելացրեց նա։
Ի դեպ, նա չի կարծում, որ այդ շարժումները կարող են ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, մասնավորապես՝ ՄՄ միանալու մեր ցանկության հետ։