Իրավապաշտպան. «ՀՀ-ում ցենզուրա չկա»
«Մեդիակենտրոն»- ում թեժ քննարկում էր «Ամնեսթի ինթերնեյշնլ» (Amnesty International) իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Հայաստան. փոփոխությունների համար տեղ չկա» զեկույցի շուրջ:
Լոնդոնից ուղիղ տեսազանգով «Ամնեսթի ինթերնեյշնլի» զեկույցը ներկայացրեց Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի հարավկովկասյան հատվածի հետազոտող Թուրալ Ահմեդզադեն: Ըստ նրա՝ Հայաստանում ակտիվիստները, քաղաքացիական հասարակությունը դեռ սպառնալիքի տակ են. հարձակումները քաղաքացիական հասարակության և քաղաքական ակտիվիստների վրա շարունակվում են»։
Ահմեդզադեն նշեց, որ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն իրենց պատմել է, որ ՊՆ քննչական ծառայությունը և զինդատախազությունն իրենից պահանջել են դադարեցնել բանակում չարաշահումների մասին հետաքննությունները։
Ըստ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանի՝ վերջին տարիներին բանակի թեման տաբու չէ, մամուլը գրում է խախտումների մասին, որ վերջին 3 տարում այդ առաջընթացը կա։
«Մենք Հայաստանի կառավարությունը կոչ ենք արել պաշտպանել բոլորի ազատ խոսքի իրավունքը, այդ թվում նրանց, ովքեր քննադատում են իշխանություններին և արտահայտում կարծիքներ, որոնք չեն համընկնում ընդհանուր ընդունված կարծիքին»,- շեշտում է Թուրալ Ահմեդզադեն։
Անդրադարձ եղավ նաեւ Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» գրքին։ «Արդյոք հայաստանյան բանակում կատարվո՞ւմ է այն, ինչ նկարագրված է գրքում, արդյոք տղամարդը տղամարդուն կարո՞ղ է բռնաբարել,- զարմացած հարցնում է Ռազմական ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մնացականյանը։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը հիշեցնում է, որ գրքի հերոսները մտացածին են և չի նշվում, թե դեպքերը հայկական բանակին են առնչվում. «Եթե հայոց բանակում նման բան չկա, ինչո՞ւ եք անհանգստանում։ Ցանկացած մարդ կարող է գրել գիրք, եթե պետական գաղտնիք չի պարունակում։ Հայաստանի հանրապետությունում ցենզուրա չկա։ Դրա համար մարդուն չի կարելի հրավիրել հարցաքննության»։
Պաշտոնյան, սակայն նշում է, որ Հովհ. Իշխանյանը հրավիրվել է հարցաքննության՝ պարզելու արդյոք իրեն հայտնի են նման դեպքեր. «Հովհաննես Իշխանյանին հրավիրել ենք, որ ճշտենք՝ ծեծի դեպքեր իրեն հայտնի՞ են: Նրա նկատմամբ հետապնդում չի եղել, եղել է կանչ»։