«Զվարթնոցը» կամրացվի՞, թե՞ կքանդվի
«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում պետք է լինեն միայն սպասարկող շենքեր. կարծում են «Զվարթնոց»-ի կառավարիչ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության ներկայացուցիչները եւ պնդում հին շենքի վերաբերյալ իրենց տեսակետը։
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանն ասում է, որ շենքը հնարավոր չէ օգտագործել օդանավակայանի ուղեւորների սպասարկման համար, հետեւաբար նա պետք է այս հատվածում չլինի:
Ընկերության ներկայացուցիչը բացառում է նաեւ որպես թանգարան հին շենքի պահպանումը։ Նա գտնում է, որ ուղեւորափոխադրումների ծավալի աճին զուգահեռ՝ պետք է նոր, արդի չափանիշներով շենք կառուցվի: Միաժամանակ Պարոն Շխյանը ընդունում է, որ օդանավակայանի թե նոր եւ թե հին շենքերի սեփականատերը ՀՀ-ն է, իրենք ընդամենը այն վարձակալել են 30 տարով. «Եթե Հայաստանի Հանրապետությունը որոշի պահպանել, ապա նա պետք է որոշի` ինչ միջոցներով դա պետք է արվի»:
Ընկերությունը իրավունք չունի նաեւ շենքը քանդել առանց պետության որոշման։ Իսկ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը 2010թ. համալիր հետազոտություններ է անցկացրել «Զվարթնոց»-ի հին շենքում եւ գտել, որ լուրջ թերություններ ունի` սեյսմիկ ու ջերմային կայանները չեն ծառայում իրենց նպատակին, սակայն քանդման եզրակացություն չի տվել։
«Բոլոր երեք կառույցները` աշտարակը, փակ օղակը եւ բաց մատանին պարտադիր կարգով պետք է ուժեղացվեն, տվել ենք այդ ուժեղացման մոտավոր եղանակները, իսկ այս կամրջային հատվածը, որ այսօրվա դրությամբ վթարային վիճակում է, քանդել ու կառուցել նորը»,- բացատրում է սեյսմիկ պաշտպանության ծառայության կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանը։
Սեյսմիկ ծառայությունը ներկայացրել է շենքի ուժեղացման բազմաթիվ տարբերակներ, սակայն, ըստ Զավեն Խլղաթյանի, ցանկացած դեպքում ուժեղացման աշխատանքները տանելու են այն բանին, որ կառույցը պետք է փոխի իր ճարտարապետական տեսքը:
Զավեն Խլղաթյանը հիշեցնում է, «Զվարթնոց»-ի հինը շենքը կառուցվել է 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժին դիմակայելու համար, մինչդեռ շինության տարածքում երկրաշարժերի ուժգնությունը հասնում է 9 բալի: