Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է կալանավայր
Հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով 18 մարդու մահվան համար մեղադրվող Հրաչյա Հարությունյանը հիվանդանոցից մեկ շաբաթ առաջ տեղափոխվել է կալանավայր։
Այս մասին «Ա1+»-ին հայտնեց հայ վարորդի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը։ Հարությունյանի ընտանիքին այս լուրը հայտնել է ՄԻՊ օգնական Երանուհի Թումանյանցը։
Այս երեք ամիսների ընթացքում ընտանիքի անդամները երբեք հեռախոսազրույց չեն ունեցել նրա հետ եւ նրա մասին տեղեկություններն իմանում են ՄԻՊ գրասենյակից եւ փաստաբաններից։
Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել «Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու եւ ավելի մարդկանց մահվան» հոդվածով։ Նրան սպառնում է առավելագույնը 7 տարվա ազատազրկում։
Հայ վարորդը ընդունել է իր մեղքը։ Այս գործով դատական առաջին նիստը, ըստ Լիլիթ Հարությունյանի, տեղի է ունենալու դեկտեմբերի 14-ին։