Ինչպես վճարել 1 դրամ «Դինո Գոլդ մայնինգ»-ին
Բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսիսյանը մտածում է, թե ինչպես է «Դինո Գոլդ մայնինգ» հանքարդյունաբերող ընկերությանը վճարելու մեկ դրամ։
Ընկերությունը բնապահպան-ակտիվիստի դեմ հայց էր ներկայացրել եւ պահանջել հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, վճարել դատական ծախսերը եւ մեկ դրամ փոխհատուցում։
Դատարանը, սակայն, բավարարել էր ընկերության պահանջներից միայն մեկը՝ մեկ դրամ փոխհատուցումը։
«Մեկ դրամ Հայաստանի հանրապետությունում գոյություն չունի, երեւի 10 դրամ կվճարենք՝ 9 դրամ մանրին սպասելով»,- «Ա1+»-ին ասաց Եղիա Ներսիսյանը։
2012 թ. դեկտեմբերին ԱՄՆ-ում կայացած իր ելույթներից մեկում Եղիան բարձրաձայնել էր աշխատողների հանդեպ կատարված ոտնձգությունների, մասնավորապես էլեկտրաշոկի կիրառման մասին։
Բնապահպանը այս վճիռը համարում է հօգուտ իրեն եւ նշում, որ այն ի սկզբանե պետք է մերժվեր. «Մենք հենց սկզբից ասել էինք, որ հայցը ոչ թե Եղիա եւ «Դինո Գոլդ մայնինգ» ընկերության, այլ ակտիվիստների եւ հանքարդյունաբերողների միջեւ էր»,- եզրափակեց բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսիսյանը։