Ո՞վ էր նեղացել Հովիկ Աբրահամյանից
«Հայ դատի հանձնախումբը Հովիկ Աբրահամյանի ասածի վերաբերյալ տեսակետ չունի»,- ասում է ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Եվրոպայի Հայկական Միությունների երրորդ համագումարի ժամանակ ԱԺ նախագահի ելույթի արձագանքին։
Կիրո Մանոյանը պարզաբանում է՝ Հովիկ Աբրահամյանի ելույթից նեղացել ու հեռացել է Եվրոպայի հայկական միությունների համագումարի նախագահ Աշոտ Գրիգորյանը. «Ասացին, որ նա այլ օրակարգով պետք է հանդես գար, իսկ նա առիթը օգտագործեց՝ ուրիշ բաներ ասելու»,- հավելեց պարոն Մանոյանը։
Հիշեցնենք՝ Բրյուսելում հոկտեմբերի 14-15 տեղի ունեցավ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի կողմից կազմակերպած Եվրոպահայերի երրորդ համագումարը, որի աշխատանքներին մասնակցեց Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի պատվիրակությունը՝ նախագահ Աշոտ Գրիգորյանի գլխավորությամբ:
Ելույթի վերջում նա ընթերցեց կոչ, որտեղ ամփոփ ներկայացված էր դիմում ՀՀ վարչակազմին՝ անարյուն իշխանափոխության պահանջով, և առաջարկեց այդ կոչը ընդունել որպես Եվրոպահայերի երրորդ համագումարի մասնակիցների կողմից կոչի նախագիծ՝ ուղղված ողջ սփյուռքին:
«Իսկ ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանը իր պատասխան ելույթում անիմաստ տեղը փորձեց արդարանալ ողջ վարչակազմի փոխարեն, սակայն ապարդյուն, քանի որ արտահայտեց սովորական դարձած ընդհանուր ֆրազներ, իսկ վերջում հրավիրեց Հայաստան՝ առաջարկելով պառլամենտում կազմակերպել քննարկումներ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու և արտագաղթի պատճառները վերացնելու հարցի շուրջ»,- ասված է Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորում-ի հայտարարության մեջ։