Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ Ռուբեն Հայրապետյանին հարցեր չտրվեցին

Հասարակություն
8380b3d6279e859ab5767818924613c0

«Հարսնաքար»-ի գործով դատավարությունը հենց սկզբից կանխորոշված էր, եւ համաներումը ճիշտ լուծում էր՝ գործը հանգուցալուծման տանելու համար։ Այս մասին համոզված ասում է «Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»-ում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» խմբի անդամ Հրանուշ Խառատյանը։

«Հիմա մեղավորը գտնվեց, որ մինչ այս պահը չէր գտնվում։
Բայց դե ինչ անեն մարդիկ, որ այդ մեղավորների հանդեպ առաջադրված հոդվածները համաներման տակ ընկնող հոդվածներ են եւ իրենք ազատ կարձակվեն։ Սկզբից 16-17 հոգու մասին էին խոսում, երկու-երեք օր հետո վերցրեցին հինգ-վեց մարդու»,- «Ա1+»-ին ասաց նա։

Տիկին Խառատյանի համար ամենացավալին այն էր, որ այս ամենն իշխանական մակարդակով գնահատական չստացավ, եւ դեռ ավելին.«Անընդհատ խոսվեց այն մասին, թե ի՞նչ կապ ունի Ռուբեն Հայրապետյանը, ընդհանրապես ի՞նչ մեղք ունի ինքը, եթե իր շուրջը սրիկաներ են հավաքված»։

Հենց սրանք էլ, ազգագրագետի խոսքերով, ցույց էին տալիս այն ամենաթողությունը, որոնցով այսօր ընթանում է դատական պրոցեսը եւ ամենավերջին ակորդն է համարում «Հարսնաքար»-ի գործով դատախազ Արթուր Դավթյանին Երեւանի դատախազ նշանակելը։

«Մի մարդու, որ ամբողջ այս պրոցեսը տարավ այսպիսի եւ հակաիրավական, եւ հակաբարոյական, եւ հակահասարակական, եւ մարդային հոգիներն ամայացնող լուծման»,- նշեց «Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»-ում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» խմբի անդամը։

Ի դեպ, տիկին Խառատյանը հատկապես ընդգծում է այն փաստը, որ թեեւ «Հարսնաքար»-ի սեփականատեր, ՀՀԿ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը ներկայացավ դատարան՝ ցուցմունք տալու, սակայն նրան համարյա հարցեր չտրվեցին։

«Նրան ռիսկ չեն անում կամ չեն ուզում հարցեր տալ՝ իրողությունը պարզելու համար։ Ռուբեն Հայրապետյանը եկել էր դատարան, որտեղ իր անձը ցուցադրեց»,- ասում է տիկին Խառատյանը։

Ի դեպ, ազգագրագետը չի զարմանա անգամ, եթե ամբաստանյալները հենց դատարանի դահլիճից համաներմամբ ազատ արձակվեն, իսկ դրա օրինակը կա՝
նախաքննության ընթացքում ազատ արձակվեցին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին եւ նրա թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը։