«Գործատուն չի վստահում նախկին ազատազրկվածին»
Նախկին դատապարտյալների աշխատանքի տեղավորման հարցերով զբաղվում է Հայաստանի «Զբաղվածության պետական ծառայության» գործակալությունը։ Դատապարտյալն ազատվելուց առաջ աշխատելու ցանկության մասին դիմում է գրում քրեակատարողական հիմնարկի պետին: Այս դիմումը և քրեակատարողական հիմնարկի պետի ծանուցումը անձի ազատման, տարիքի, հասցեի, նախկին զբաղմունքի մասին, ուղարկվում է համապատասխան տարածքային կենտրոն:
«Ա1+»-ի հարցման արդյունքում պարզ դարձավ, որ 2010 թվականին գործակալությունում հաշվառված 32 նախկին դատապարտյալներից 7-ն են աշխատանք գտել: 2011 -ին հաշվառվել է ընդամենը 2-ը, որոնցից որևէ մեկը աշխատանք չի գտել: 2012-ին գրանցվել է 26, աշխատանք գտել 4 նախկին ազատազրկված 2013-ի 1-ին կիսամյակում հաշվառվել է 8, աշխատանք գտել 1-ը:
Այսինքն` 3 տարի 3 ամիս ժամանակահատվածում աշխատանք է գտել ընդամենը 12 նախկին ազատազրկված:
«Այս խմբի անդամների նկատմամբ գործատուներն ունեն խիստ ընդգծված անվստահություն: Գործատուն չի վստահում նախկին ազատազրկվածին»,-ասում է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության աշխատանքի խորհրդատվության և տեղեկատվության բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը և հավելում, որ գործատուներին շահագրգռելու համար կենտրոնը կիրառում է փոխհատուցման ծրագիր, ըստ որի՝ 1 տարի շարունակ պետությունն է վճարում աշխատավարձի 50 տոկոսը: «Սակայն հարցը միայն գործատուի անվստահությունը չէ: Հաճախ նախկին դատապարտյալի մոտ բացակայում է աշխատելու ցանկությունը և նա հրաժարվում է առաջարկվող բոլոր աշխատանքներից»,- փաստում է Ցողիկ Բեժանյանը և հավելում, որ նախկին դատապարտյալները կարող են օգտվել նաև գործակալության առաջարկած ուսուցման ծրագրերից:
«Համակարգը փոխարենը գնալով զարգանա և ծավալուն վերականգնողական ծրագրեր առաջ քաշի, ագրեսիվ ռեգրես է ապահովում»,-մտահոգվում է «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ նախագահ Զարուհի Մեջլումյանը՝ փաստելով, որ մեր երկրում վերականգնողական կենտրոններ չկան: Այնինչ օրինակ Մերձբալթյան երկրներում այսպիսի շատ կենտրոններ կան, որոնք ստեղծվել են պետության հոգածությամբ և հանրային կառույցների աջակցությամբ:
«Այն, ինչ տեղի է ունենում նախկին դատապարտյալի հետ ազատության մեջ, տրամաբանական շարունակությունն է քրեակատարողական հիմնարկների պատերի ներսում կատարվող գործընթացների»,- ասում է Զարուհի Մեջլումյանը։
Հայաստանում գործող 12 ՔԿՀ-ներում աշխատում է ընդհանուր հաշվով 11 հոգեբան, ովքեր ոչ թե բարձրագույն կրթություն ստացած, այլ երկամսյա դասընթացներ անցած մասնագետներ են:
«Պատժի կիրառման նպատակներից ամենակարեւորն ուղղումն է և վերադարձը հասարակություն, այնինչ մեր բանտերում միանգամայն հակառակ պատկեր է. ոչ ոքի համար գաղտնիք չէ գողական «մշակույթի» առկայությունը բանտերում, որը նույնպես ներազդում է մարդկանց վրա: Այսպիսով, ինչպես իմ ծանոթ փորձագետներն են ասում` բանտը հրաշալի դպրոց է մարդուն հանցագործ դարձնելու համար: Այնինչ ազատազրկումը լիովին այլ նպատակ ունի, այն է` ուղղված, վերափոխված ապաշխարած մարդուն վերադարձնել հասարակություն»,- նշում է Զարուհի Մեջլումյանը: