«Ինձ պետք ա՞ պատմական հուշարձան»
Փակ շուկան Հայաստանի պատկերն է. համոզված են Ազատագրենք հուշարձանը նախաձեռնության անդամները:
Վարուժան Ավետիսյանն ասում է. «Ինչպես որ կեղեքվել, մասամբ վնասվել է փակ շուկան, այնպես էլ Հայաստանն է գտնվում այդ վիճակում՝ արտագաղթ, աղքատություն, ինքնիշխանության հետզհետե կորուստ։ Շատ արժեքներ ունենք, որ այս պահին ոչնչանում են, ուստի համակարգային լուծում է պետք, այս քայլը լինելու է այդ փոփոխության նյութական առաջին հաղթանակը»:
Նախաձեռնության անդամները հիշեցնում են, որ բոլոր պատկան կառույցները հրապարակային հայտարարել են, որ սեփականատերը պարտավոր է վերականգնել շուկայի մշակութային տեսքը. «Կառավարության ղեկավարին հիշեցնում եմ՝ Ծածկած շուկայի սեփականատերը թքած ունեցավ ձեր վրա»,-ասում է Տիգրանը:
Իսկ սեփականատիրոջ` գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի համակիրները, որոնց մեջ կային շուկայի աշխատակիցներ և հարակից շենքերի բնակիչներ, կրկին պնդեցին, որ վերակառուցվել է քայքայման եզրին կանգնած շուկան:
Իսկ Նորայր Օհանյանը հիշեց, որ շուկան շուրջ 30 տարի քանդված վիճակում էր, նա նաև որոշեց անդրադառնալ շուկային` որպես հուշակոթող. «Տո ինձ պետք ա՞ պատմական հուշարձան, ես որ լուսամուտներս չեմ կարողացել տարիներ շարունակ բացել»:
Փակ շուկայի հարցով այսօր կարծիք հայտնեց նաև դերասան Վարդան Պետրոսյանը.
«Սա շատ կարևոր հարց է, մեր վաղը կախված է էսօրվանից։ Ցավում եմ, որ պետությունը շատ թույլ է, որ չի կարող այս հարցը լուծել խաղաղ ճանապարհով: Շատ ցավում եմ, որ արդեն կարմիր գլխարկներին հանել են դեղինների դեմ»:
Պարոն Պետրոսյանը նկատի ունի նախաձեռնության անդամներին, ովքեր դեղին գլխարկներով են և Սամվել Ալեքսանյանի համակիրներին` կարմիր գլխարկներով: