Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացածի հայրը փոխում է ցուցմունքը

Հասարակություն
c964038ba0ec57b9a36a43c8dca6760c

Մեկուկես ամիս առաջ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական
հիմնարկում մահացած ամբաստանյալ Արման Դալլաքյանի մահվան պատճառը դեռևս հայտնի չէ։ Հիշեցնենք, որ Դալլաքյանը մահացել է սեպտեմբերի 8-ին, որից հետո նրա մահվան կապակցությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Սակայն Արման Դալլաքյանի հայրը՝ Ալբերտ Դալլաքյանը ասում է, որ քրեակատարողական հիմնարկից դեռևս ոչ մի պատասխան չեն ստացվել որդու մահվան պատճառների մասին։ «Ես էլ եմ դիմել, փաստաբանն էլ , սակայն բան չեն ասում, միայն ասում են՝ սպասեք, կլինի»,- ասում է Դալլաքյանը։

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը նշում է, որ փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից իրենք ևս որևէ պատասխան չեն ստացել, սակայն միևնույն ժամանակ նշում, որ կան փորձաքննություններ, որոնք այդքան կամ նույնիսկ ավելի երկար են տևում։

Արման Դալլաքյանի հորից փորձեցինք պարզել նաև, թե արդյոք Արմանի փաստաբան Վաչագան Քոսյանը դիմե՞լ է համապատասխան մարմիններին բողոքով այն մասին, որ Արմանի նկատմամբ ձերբակալելիս և քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ խոշտանգումներ են իրականացվել։

Սակայն Դալլաքյանը , որ որոշ ժամանակ առաջ վստահեցնում էր, թե պիտի պայքարի և հասնի արդարությանը, պիտի ապացուցի ոստիկանների կատարած ապօրինությունները, որի արդյունքում իր որդին ստիպված է եղել ինքնախոստովանական ցուցմունք տալ, ասաց հետևյալը. «Ինչ բողոք, թողեք հանգիստ ապրենք»։

Սա առաջին անգամը չէ, որ Ալբերտ Դալլաքյանը ետ է կանգնում պայքարից. երբ որդին մահացել էր, նա դիմել էր դատարանին՝ պահանջելով, որ չդադարեցնեն նրա նկատմամբ քրեական հետապնդումը, սակայն հաջորդ դատական նիստին նամակ էր ուղարկել դատարանին, որում գրել էր, որ հրաժարվում է իր պահանջից։

Գործով մյուս փաստաբաններից ոմանք կասկածներ ունեին, որ Ալբերտ Դալլաքյանի նկատմամբ ճնշումներ են գործադրվել, սակայն ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա մահացած ամբաստանյալի հայրը հերքեց, որ ինքը ինչ- որ բան անում կամ չի անում իր կամքին հակառակ։