Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քուչակ գյուղը խոպանչիներն են պահում

Հասարակություն
8e1e8ff741045576b719088ad0adbd61

Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում 9 ամիս է՝ աշխատունակ տարիքի տղամարդ չկա: Տղամարդիկ այստեղ գարնանը մեկնում են արտագնա աշխատանքի եւ վերադառնում միայն ձմռանը: «Աստված չանի՝ մի բան պատահի, գյուղում մարդ չկա», - ասում է Էդիկ Հարությունյանը:


Այս պահին գյուղից 600 տղամարդ մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի: Քուչակցիները կեսկատակ-կեսլուրջ ասում են, որ Ռուսաստանում երկրորդ հայկական Քուչակ համայնք են ձեւավորել. «Մերոնք հիմնականում Կաստրամա են գնում, էնտեղ ասում են փոքր Ապարան», - ասաց Պետրոս Եսայանը:


Ի տարբերություն շատ գյուղացիների՝ այդ քաղաքի անունը լսել չի ուզում Պետրոս պապը։ 4 որդիներն ու 3 թոռներն իրեն թողել ու Կաստրամա են գնացել։ Պապը դժգոհ է՝ ասում է` շատ ժամանակ վերադարձել են դատարկ գրպանով։
Քուչակցի Էդիկը նոր է վերադարձել Ռուսաստանից: 2 ամսից կմեկնի, այս անգամ՝ ընտանիքով եւ ընդմիշտ։ Դրսում վաստակած գումարից գոհ է։ «50 000 ռուբլի աշխատավարձ են տալիս, էդ անում է 2 ամսվանը՝ 3000 դոլար, ես 30000 դոլար կարամ մի տարում աշխատեմ», - փաստում է քուչակցին:


Բացակայում են նաեւ Վարդանյանների ընտանիքի 2 տղամարդիկ: Քուչակում կանայք համակերպվել են այն մտքի հետ, որ տղամարդիկ պետք է իրենց լքեն՝ աշխատանքի բացակայության պատճառով։ Իսկ նրանք, որոնք փորձում են իրենց գոյությունը պահպանել հողագործությամբ կամ անասնապահությամբ, անհաջողության են մատնվել։ Ընդհանրապես այսօր Քուչակում որեւէ զբաղմունք չկա. «Գյուղը ոնց որ քնած լինի, որովհետև մարդ չկա», - մտահոգվում է Աննան:


Իսկ Գյուղի խանութպան տիկին Թագուհին գարնանից սկսած արդեն իր պարտքերի 11-րդ տետրն է լրացնում. «Ամենքը մի աշխարհ պարտք ունի, Ռուսաստանից գալիս են, նոր պարտքերը տալիս են կամ չեն տալիս», - ասում է խանութպանը: