Պոլիտեխնիկի ռեկտորը մեկնել է արձակուրդ
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը սեփական դիմումի համաձայն՝ արձակուրդ է գնացել: Այսօր «Ա1+»-ը անանուն նամակ էր ստացել, որտեղ նշվում էր. «2013թ. հոկտեմբերի 11-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Ա. Ավետիսյանը դիմում է ներկայացնում հերթական արձակուրդից չօգտագործված օրերը՝ 15 օր, 2013թ. հոկտեմբերի 21- ից տրամադրելու մասին: Սակայն առ այսօր նախարար Արմեն Աշոտյանը արձակուրդ տրամադրելու մասին հրաման չի արձակել: 2013թ հոկտեմբերի 21-ին ռեկտոր Արա Ավետիսյանը չի եկել աշխատանքի, քանի որ ըստ հավաստի տեղեկությունների՝ կիրակի օրը մեկնել է Գերմանիա՝ հանգստանալու: Դուրս է գալիս, որ ռեկտորներից մեկին կարելի է ազատել աշխատանքից (նամակագիրն ըստ ամենայնի նկատի ունի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանին-հեղ.), մյուսին խրախուսել, թե՞ մյուսին էլ: Եթե անգամ այսօր նախարարը հրաման արձակի Ա. Ավետիսյանին արձակուրդ տրամադրելու մասին, ապա կլինի օրենքի խախտումով»:
Այս հարցով մենք դիմեցինք ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանին. նա ասաց, որ ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը նախարար Արմեն Աշոտյանին դիմում է գրել` արձակուրդի մեկնելու համար: Նախարարը ընդառաջ է գնացել ու արձակուրդ տալու հրաման արձակել: Նա նշեց, որ օրենքի խախտում չի արձանագրվել:
ՀՊՃՀ-ից էլ տեղեկացրին, որ Արա Ավետիսյանը ողջ ամռան ընթացքում արձակուրդի չի մեկնել, ուստի հանգստի իրավունք ունեցել է: