Իշխանությունն ու գիրքը
Եթե իշխանությունը գնահատի ընթերցանությունն ու գիտելիքը, ապա հասարակությունը նույնպես ուշադրություն կդարձնի . համոզված է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։
Ըստ նրա՝ վերջին 15 տարում մեր երկրում գրքին ու գիտելիքին հասարակությունը ուշադրություն չի դարձնում հենց այդ պատճառով. «Եթե մեր ղեկավարությունը լինի կարդացող եւ գրող, մենք էլ շատ արագ կդառնանք կարդացող ու գրող։Առաջին անգամ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էր որ գնաց, մասնակցեց բաց ընթերցումների, դա երեւույթ էր եւ դրանից հետո փոփոխությունը նկատեցինք, հիմա սպասում ենք մյուս պաշտոնյաներին, պետք է բոլորը ցույց տան, որ կապված են գրքի հետ»,- ավելացրեց Արմեն Մարտիրոսյանը։
«Անտարես»-ի տնօրենը կարծում է, որ այսօր գրքերը պետք է լինեն ժամանակակից տեսքով, նկարազարդ, գունավոր ու անգամ ձայնային հավելումներով. «Ընթերցողը չի ուզում սպասել, ժամանակ չունի, նա ուզում է փոփոխություն տեսնել, բոլոր բնագավառներում»։
Մանկագիր Երվանդ Պետրոսյանն համամիտ չէ Արմեն Մարտիրոսյանի հետ։ Նա չնայած հավաստիացնում է, որ դեմ չէ էլեկտրոնային գրականությանն ու աուդիոգրքերին, բայց տպագիր գրականության հետ համեմատել անգամ չի ուզում. « Երիտասարդներն ու դպրոցականները քողածածկույթ են դարձնում էլեկտրոնային գրականությունը, ասում են իբր կարդալու են համակարգչով ու չեն կարդում»։