Վ. Գասպարյանը ծեծը համարում է արտասովոր երեւույթ
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսին և նրան ուղեկցող անձանց:
Ըստ ոստիկանության մամլո հաղորդագրության՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ ոստիկանությունն այսօր բաց է հասարակության, քաղաքացու համար, իսկ գործունեությունը բոլոր առումներով հրապարակային է. հասարակական կազմակերպությունները, զանգվածային լրատվության միջոցներն ու քաղաքացիները կարող են հետևել քրեական գործերի նախաքննությանն ու սեփական հետաքննություն անցկացնել:
Եվ այս պայմաններում ոստիկանության ղեկավարությունը ոստիկանների կողմից ծեծի ու խոշտանգման դեպքերը դիտում է որպես եզակի ու արտասովոր երևույթ: Մասնավորապես, վերջին երկու տարում արձանագրվել է նման երեք դեպք, որոնց օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել և օրինախախտ ծառայողները ենթարկվել են քրեական պատասխանատվության:
Ոստիկանության պետը հավելել է, որ հիմնախնդրի լուծմանն անկասկած կնպաստի Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը, որի անդրանիկ նիստը տեղի կունենա օրերս:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նիլս Մուիժնիեկսը կարևորե հակազդումը մարդու իրավունքների խախտումներին և ընդգծեց այդ ոլորտում անկախ հանձնաժողովի դերն ու նշանակությունը:
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձել է նաև քաղաքացիական ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպերի և կանանց դեմ բռնությունների գործերով քննության ընթացքին:
Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ հիշյալ դեպքերից չորսն արդեն բացահայտված են, ինչի մասին հանրությունը պատշաճ կերպով իրազեկվել է, և հավաստեց, որ մյուս դեպքերը նույնպես կբացահայտվեն: Ոստիկանության պետը հավելեց նաև, որ քիչ չեն դեպքերը, երբ ինչ-ինչ կազմակերպություններ կամ անհատներ ահազանգում են սպառնալիքների մասին, իրենք էլ գիտենալով, որ դրանք իրական չեն:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ քաղաքացիական հասարակությունն այսօր հրաշալի գիտի իր իրավունքները, և ոստիկանները պարզապես չեն կարող կամայականություններ թույլ տալ, առավել ևս՝ ոստիկանության ղեկավարությունը հետևողական է նման դեպքերը բացառելու հարցում, իսկ բարեփոխումներն ուղղված են իրավիճակի արմատական փոփոխությանը: